Կա մի պարզ ու գործնական էմպիրիկ կանոն. ամեն անգամ, երբ կարդում եք տեխնոլոգիաների, մշակույթի և քաղաքականության հատման կետում գտնվող որևէ աբսուրդային հայեցակարգի մասին, կարելի է վստահաբար ենթադրել, որ դրան այսպես թե այնպես առնչվում է Փիթեր Թիլը: Որքան էկզոտիկ է գաղափարը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն ֆինանսավորվում է նրա հիմնադրամից: Այն փաստը, որ Փիթեր Թիլը միաժամանակ հանդիսանում է ժամանակակից ամերիկյան քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը, բավականին խոսուն բնութագրում է ԱՄՆ-ում տիրող ընթացիկ իրավիճակը: Մենք իսկապես ապրում ենք սյուրռեալիստական դարաշրջանում, The i Paper-ի իր հոդվածում գրում է պրոֆեսոր Դեյվ Կարպֆը:

Սիլիկոնային հովտում նրա կարիերայի հիմնական փուլերն ունեն հետևյալ տեսքը․

1998–2000 թվականներ. Թիլը հանդես է եկել որպես Confinity ընկերության համահիմնադիր, որը 1998 թվականին վերափոխվել է PayPal-ի: 2000 թվականին նա հրապարակային հակամարտության մեջ է մտել Իլոն Մասկի հետ և փոխարինել նրան գլխավոր տնօրենի (CEO) պաշտոնում:

2003 թվական. դառնալով Palantir ընկերության համահիմնադիր՝ նա դրել է թվային վերահսկողության և տվյալների մշակման ոլորտի այս հսկայի հիմքերը:

2004 թվական. Թիլը 500 000 դոլար է ներդրել Մարկ Ցուկերբերգի նորաստեղծ Facebook ընկերության մեջ՝ 10.2% բաժնետոմսերի դիմաց՝ դառնալով նրա առաջին արտաքին ներդրողն ու Ցուկերբերգի վաղ շրջանի մենթորը:

Թիլի կողմնակիցներն այս դրվագները մեկնաբանում են որպես նրա ֆենոմենալ հեռատեսության ապացույց: Մինչդեռ քննադատները մատնանշում են պարզունակ հաջողության գործոնը․ ի վերջո, ինչ-որ մեկը միևնույն է դառնալու էր Facebook-ի առաջին ներդրողը:

Ստվերային լարախաղացն ու աջ թևի հովանավորը

Այնուամենայնիվ, Թիլի հանրային կարգավիճակը կապված է ոչ այնքան կապիտալ վաստակելու եղանակների, որքան դա ծախսելու ձևի և ազդեցության այն ցանցերի հետ։ Թիլն ունի հստակ սովորություն՝ առատաձեռնորեն վարձատրել ընկերներին և անզիջում ոչնչացնել ընդդիմադիրներին։ Ոչ մի մարդ ավելին չի արել Սիլիկոնային հովիտը թրամփիզմի ուղով տանելու համար, քան նա։

Այնպիսի դեմքերն, ինչպիսիք են Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը և Մարկ Անդրիսենը, Դոնալդ Թրամփի կոալիցիայում համեմատաբար նորեկներ են։ Նրանք տարածություն էին պահպանում նրա առաջին նախագահական ժամկետի ընթացքում և MAGA-ի հռետորաբանությամբ տարվել են միայն 2024 թվականի վերջին։ Թիլը, ընդհակառակը, Թրամփին առաջ է մղել դեռ 2016 թվականին։

Բացի այդ, նա երկար ժամանակ հանդիսացել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մենթորը․

Օգնել է Վենսին ներդրողների փուլից շուրջ 100 միլիոն դոլար ներգրավել նրա Narya Capital հիմնադրամում։

Հատուկ քաղաքական գործողությունների կոմիտեի (Super PAC) միջոցով անձամբ 15 միլիոն դոլարով ֆինանսավորել է նրա սենատորական քարոզարշավը։

Կադրերի դարբնոց․ Ստենֆորդից մինչև Thiel Fellowship ծրագիր

Տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելուց դեռ շատ առաջ Թիլը վստահ լիբերտարիանացի և իդեալների կործանող է եղել: Նրա քաղաքական ձևավորումը տեղի է ունեցել Ստենֆորդի համալսարանում սովորելու տարիներին: 1987 թվականին նա համահիմնադրել է The Stanford Review պահպանողական ուսանողական թերթը, որը պահպանողական գաղափարախոսությունը ներկայացնում էր որպես արդիական հակամշակույթ և կտրուկ հարձակումներ էր գործում համալսարանական լիբերալ մեյնսթրիմի վրա:

1995 թվականին Դևիդ Սաքսի (The Stanford Review-ի ևս մեկ շրջանավարտ) հետ համահեղինակությամբ Թիլը գրել է «Բազմազանության առասպելը․ մուլտիկուլտուրալիզմը և անհանդուրժողականության քաղաքականությունը Ստենֆորդում» գիրքը, որն ուղղված էր քաղաքական կոռեկտության՝ ժամանակակից «օրակարգի» նախակարապետի դեմ: Գիրքն ընկալվել է որպես ծաղրանկարային դեմագոգիա, սակայն այն հիմք է դրել երկարատև մի դաշինքի․ ավելի ուշ Թիլը Սաքսին աշխատանքի է ընդունել PayPal-ի գործառնական տնօրենի (COO) պաշտոնում: Թիլի ազդեցության աճին համընթաց աճել է նաև Սաքսի կարգավիճակը, որը 2024 թվականին ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության Ազգային համագումարում, իսկ այնուհետև ստանձնել արհեստական բանականության և կրիպտոարժույթների հարցերով Թրամփի հատուկ բանագնացի պաշտոնը:

Սրանում նկատվում է համակարգված մոտեցում․ The Stanford Review թերթը, յուրօրինակ «ծառայողական փոխադրամիջոցի» պես, Ստենֆորդի ամենաարմատական տրամադրված պահպանողական ուսանողներին տեղափոխել է Թիլին մոտ կանգնած տեխնոլոգիաների և վենչուրային կապիտալի ոլորտներ: 2011 թվականին նա հիմնել է նաև Thiel Fellowship կրթաթոշակը՝ երիտասարդ ձեռներեցներին առաջարկելով թողնել համալսարանի ուսումը՝ 250 000 դոլարի դրամաշնորհի դիմաց: Նախկինում ՏՏ ոլորտում հաջողության հասնելու համար պահանջվում էր ծրագրավորման հանդեպ երիտասարդական կիրք, իսկ Թիլի շնորհիվ սկսնակ հիմնադիրների համար այժմ ավելի օգտակար է Այն Ռենդ և Միլթոն Ֆրիդման կարդալը:

Վենդետա մեդիայի դեմ և մոնոպոլիզմի փիլիսոփայությունը

Թիլի հանրային իմիջի մեծ մասը ձևավորվել է նրա անձնական վենդետաներով (դաժան վրեժխնդրությամբ)։ 2007 թվականին Gawker մեդիացանցի Valleywag բլոգը հրապարակել է «Փիթեր Թիլը բացահայտ գեյ է» վերնագրով հոդվածւ։ Դա բացահայտ գաղտնիք էր («Պոլիշինելի գաղտնիք»), սակայն Թիլը հրապարակումը վիրավորական է համարել և վրեժխնդրության ծրագիր մշակել։

Հաջորդ 9 տարիների ընթացքում Թիլը գաղտնի ֆինանսավորել է Gawker Media-ի դեմ երրորդ անձանց ներկայացրած դատական հայցերը: Դրանցից մեկը՝ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Հալկ Հոգանի հայցը, պսակվել է հաջողությամբ և ամբողջությամբ սնանկացրել մեդիաընկերությանը: Միայն այն ժամանակ, երբ Gawker-ն ավերված է եղել, Թիլը բացահայտորեն ընդունել է իր մասնակցությունը՝ հայտարարելով, որ դա «ոչ այնքան վրեժ էր, որքան ռազմավարական զսպման գործիք»: Դրանով նա ուղի է հարթել ՏՏ ոլորտի մյուս միլիարդատերերի համար, որոնք ագրեսիվ կուրս են որդեգրել անցանկալի ԶԼՄ-ների ոչնչացման ուղղությամբ:

Թիլը նաև բացահայտորեն քննադատում է ժողովրդավարության ինստիտուտը։ 2009 թվականի իր «Լիբերտարիանացու դաստիարակությունը» էսսեում նա ուղղակիորեն նշել է․

«Սոցիալական նպաստ ստացողների թվի աճը և կանանց ընտրական իրավունքի տրամադրումը՝ ընտրողների երկու խմբեր են, որոնք ավանդաբար չեն աջակցում լիբերտարիանությանը»։

Զարմանալի չէ, որ դրանից հետո նա աջակցել է Դոնալդ Թրամփին՝ որպես կապիտալիստների դասի շահերից բխող իշխանության գաղափարախոսի:

Իր երկրորդ՝ «Զրոյից մեկ․ Նշումներ ստարտափների մասին, կամ Ինչպես կառուցել ապագան» գրքում (որը համահեղինակել է Բլեյք Մասթերսի հետ, ում սենատորական քարոզարշավը նույնպես հովանավորել է Թիլը), նա առաջ է մղում այն գաղափարը, որ շուկայական մրցակցությունը վնասակար է բիզնեսի համար: Նրա կարծիքով՝ ընկերությունները պետք է ձգտեն գերիշխող դիրք գրավել նոր շուկաներում՝ մոնոպոլ ռենտա կորզելու համար: Սա կարող է արդյունավետ խորհուրդ լինել առանձին բիզնեսի համար, սակայն կապիտալիզմի նման մոդելը պատրաստակամորեն գահ է բարձրացնում ոչնչով չսահմանափակված մենաշնորհատերերին:

Ռադիկալ նեոռեակցիոնիզմ, «հաղթանակ մահվան նկատմամբ» և Նեռ

Վերջին տարիներին Թիլի ներդրումներն ու հանրային հայտարարությունները տեղափոխվում են ծայրահեղ յուրահատուկ հայեցակարգերի դաշտ․

Ծովային բնակեցում (Seasteading). Միջազգային ջրերում ինքնիշխան լողացող անկլավներ ստեղծելու նախագիծ, որը հենց բաց օվկիանոսում Այն Ռենդի վեպի «Գալտի կիրճի» յուրօրինակ կրկնօրինակն է։

Նեոռեակցիոնիզմ. Գաղափարախոս Քուրթիս Յարվինին տրամադրվող աջակցություն, որը պնդում է, թե ԱՄՆ-ն պետք է հրաժարվի ժողովրդավարությունից և անցնի «գործադիր տնօրեն-նախագահի» (նախագահ-CEO) ղեկավարած կառավարման մոդելին։

«Ստարտափ-քաղաքներ». Ամբողջ աշխարհում միլիարդատերերի համար ինքնավար տարածքների ֆինանսավորում՝ պետական կարգավորումներից ու ժողովրդավարական վերահսկողությունից խուսափելու նպատակով։

Տրանսհումանիզմ և մշակույթ. Աջակցություն ծնելիության խթանման (պրոնատալիստական) տեխնոլոգիաներին, ռեակցիոն արվեստի շարժումներին և կյանքի երկարաձգմանն ուղղված բժշկական հետազոտություններին, որոնք խոստանում են «բուժել մահը»։

Բոլորովին վերջերս Թիլը տարօրինակ սևեռվածություն է ցուցաբերել Նեռի թեմայի նկատմամբ։ Նա դասախոսությունների շարք է կարդացել վերջինիս էության մասին և նույնիսկ այցելել է Հռոմ՝ ակնկալելով ունկնդրություն ստանալ Հռոմի Պապի մոտ։ Թիլի կարծիքով՝ Նեռի գլխավոր ավետաբերներն են Գրետա Թունբերգը և արհեստական բանականության քննադատները։

Ունենալով հսկայական ազդեցություն Սպիտակ տան, փոխնախագահի և Սիլիկոնային հովտի ֆինանսական հոսքերի վրա՝ Փիթեր Թիլը մնում է համաշխարհային քաղաքականության ամենահզոր և միևնույն ժամանակ ամենաէքսցենտրիկ դեմքերից մեկը: Նա դաժանորեն պատժում է թշնամիներին, առատաձեռնորեն վարձատրում համախոհներին, ժխտում է ժողովրդավարությունը և անկեղծորեն հավատում է զարմանալի քանակությամբ ուլտրառադիկալ գաղափարների:

Source: https://news.am/hy/news/1052229