ՀՕՊ-ը դարձել է մեր ժամանակների առանցքային ռազմական տեխնոլոգիաներից մեկը։ Բալիստիկ և հիպերձայնային հրթիռները, թևավոր հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և ցածր տեսանելիության կառուցվածքով ինքնաթիռները՝ արդի սպառնալիքները, պահանջում են բազմամակարդակ պաշտպանության համակարգերի ստեղծում, որոնք ընդունակ են միաժամանակ հայտնաբերել, ուղեկցել և որսալ բազմաթիվ թիրախներ։
Naked Science-ը ներկայացրել է տեխնոլոգիապես ամենակատարյալ և արդյունավետ յոթ ՀՕՊ համալիրները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է իր դասի առաջատարներից մեկը։
С -500 «Պրոմեթևսը» հեռահար գործողության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն ռուսական ռազմավարական համակարգ է։ Համալիրը նախատեսված է ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, երկրամերձ ցածր ուղեծրերում գտնվող արբանյակների և հիպերձայնային զենքի որոշ տեսակների որսման համար։ Ըստ հրապարակված տվյալների՝ օդային թիրախների խոցման հեռավորությունը հասնում է 600 կիլոմետրի, իսկ որսման բարձրությունը՝ մոտ 200 կիլոմետրի, ինչը С-500-ը դարձնում է աշխարհի ամենահեռահար համակարգերից մեկը։ Միևնույն ժամանակ, հայտարարված բնութագրերի զգալի մասը դեռևս չի ստացել անկախ հաստատում՝ դրա գործնական կիրառման վերաբերյալ բաց տեղեկատվության սահմանափակ ծավալի պատճառով։
THAAD (Terminal High Altitude Area Defense) համալիրը մասնագիտացված է փոքր, միջին և միջանկյալ հեռավորության բալիստիկ հրթիռների՝ իրենց հետագծի վերջնական հատվածում կինետիկ որսիչների միջոցով ոչնչացման գործում, որոնք թիրախը խոցում են ուղիղ հարվածով։ THAAD-ն ամերիկյան և դաշնակցային հակահրթիռային պաշտպանության ճարտարապետության կարևորագույն տարրն է՝ Patriot և Aegis համակարգերի կողքին։ Համալիրը տեղակայված է Հարավային Կորեայում, Գուամ կղզում, ինչպես նաև Իսրայելում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։
Patriot PAC-3 MSE-ն շարունակում է մնալ աշխարհում մարտական պայմաններում ամենափորձարկված ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը։ Ի սկզբանե համալիրը ստեղծվել էր ավիացիայի դեմ պայքարի համար, սակայն ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր հրթիռներին, անօդաչուներին և մարտավարական բալիստիկ հրթիռներին հակազդելու բարձր արդյունավետություն ունեցող միջոցի։ Ժամանակակից կինետիկ որսիչն իր թիրախների խոցման արդյունավետությամբ զգալիորեն գերազանցում է նախորդ մոդիֆիկացիաներին, իսկ շարունակական արդիականացումը հնրավորություն է տալիս համալիրին պահպանել իր արդիականությունը արդեն մի քանի տասնամյակ։ Այսօր Patriot-ը գտնվում է ավելի քան 18 պետությունների սպառազինության մեջ և համարվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համատեղելի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի չափանիշ։
Ռուսական С-400 «Տրիումֆ» համալիրը այսօր սպառազինության մեջ գտնվող հեռահար գործողության ՀՕՊ ամենալայն տարածում գտած համակարգերից մեկն է։ Այն ընդունակ է միաժամանակ խոցել ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ՝ օգտագործելով որսիչ-հրթիռների մի քանի տեսակներ, որոնք օպտիմալացված են խոցման տարբեր հեռավորությունների համար։ Համակարգն արտահանվում է մի շարք երկրներ, մասնավորապես՝ Չինաստան, Հնդկաստան և Թուրքիա, ինչն ընդգծում է դրա ռազմավարական նշանակությունը՝ չնայած ժամանակակից անտեսանելի ինքնաթիռների դեմ դրա իրական արդյունավետության վերաբերյալ շարունակվող քննարկումներին։
Rafael և RTX ընկերությունների համատեղ մշակած «Դավթի պարսատիկ» (David's Sling) համակարգը միջանկյալ տեղ է զբաղեցնում «Երկաթե գմբեթ» (Iron Dome) և Arrow համալիրների միջև՝ Իսրայելի բազմաշերտ հակահրթիռային պաշտպանության համակարգում։ Համալիրն օպտիմալացված է մարտավարական բալիստիկ հրթիռների, թևավոր հրթիռների, ինքնաթիռների, անօդաչուների և ծանր չկառավարվող ռեակտիվ արկերի որսման համար՝ օգտագործելով բարձր մանևրայնությամբ օժտված Stunner որսիչ-հրթիռը։ Համակարգն արդեն գտնվում է մարտական հերթապահության մեջ և իսրայելական բազմամակարդակ հակահրթիռային պաշտպանության համակարգի առանցքային տարրերից մեկն է՝ լրացնելով ավելի ցածր և բարձր բարձրություններում աշխատող համալիրներին։
SAMP/T NG-ն համարվում է ամենաժամանակակից եվրոպական ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգը։ Համալիրը կառուցված է Aster 30 որսիչ-հրթիռների ընտանիքի բազայի վրա և ընդունակ է պաշտպանել ինքնաթիռներից, թևավոր հրթիռներից, անօդաչուներից և բալիստիկ հրթիռներից՝ միաժամանակ ուղեկցելով բազմաթիվ թիրախներ։ Նոր սերնդի համակարգը ստացել է արդիականացված ակտիվ փուլավորված անտենային վանդակով (AESA) ռադիոլոկացիոն կայաններ, կառավարման ու համակարգման ընդլայնված հնարավորություններ, ինչպես նաև բարձր կայունություն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների նկատմամբ։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին SAMP/T NG-ն կդառնա ՆԱՏՕ-ի կազմում եվրոպական հեռահար ՀՕՊ հիմնական միջոցներից մեկը։
HQ-9B-ն չինական հիմնական հեռահար զենիթահրթիռային համալիրն է, որը Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմավարական հակաօդային պաշտպանության համակարգի հիմքն է։ Իր հայեցակարգով այն հաճախ համեմատում են ռուսական С-300 և С-400 ընտանիքների համալիրների հետ։ HQ-9B-ն ընդունակ է խոցել ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ և բալիստիկ հրթիռների առանձին տեսակներ՝ գործելով չինական ՀՕՊ համակարգի միասնական ճարտարապետության կազմում։ Համալիրը նաև մատակարարվում է արտահանման, ինչը վկայում է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում Չինաստանի աճող ազդեցության մասին։
Source: https://news.am/hy/news/1048172