Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) հյուսիս-արևելքում գտնվող Ամ Դաֆոք քաղաքի դեմ ապստամբների հարձակման հետևանքով զոհվել է գրեթե 30 մարդ։ Այս մասին հայտնել է Ndeke Luka ռադիոկայանը։
Նրա տվյալներով՝ Սուդանի սահմանին գտնվող քաղաքը շարունակում է կտրված մնալ երկրի մայրաքաղաք Բանգիից և, մի քանի տեղական աղբյուրների համաձայն, գտնվում է հարձակվողների վերահսկողության տակ։ Ամ Դաֆոքի բնակիչները լքում են իրենց տները և ապաստան փնտրում ԿԱՀ-ում ՄԱԿ բազմապրոֆիլ համալիր կայունացման առաքելության (MINUSCA) բազայում։
Ինչպես նշել է ռադիոկայանը, հունիսի 30-ին իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ։ Եվս 25 մարդ ստացել է վնասվածքներ, առավել ծանր տուժածները տարհանվել են Բիրաո և Բրիա քաղաքների հիվանդանոցներ։
ԿԱՀ իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ քաղաքը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Կապի նախարար և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էվարիստ Նգամանան հայտնել է, որ զինված անձինք եկել են Սուդանի կողմից, պաշտպանության և անվտանգության ուժերը դաշնակիցների աջակցությամբ հետ են մղել հարձակումը և պարեկություն են իրականացնում՝ մնացած հարձակվողներին որոնելու համար։ Սակայն Ամ Դաֆոքը ներկայացնող պատգամավոր Վալենտեն Գումբան հայտնել է, որ, իր տեղեկություններով, զինված անձինք շարունակում են վերահսկել քաղաքը։
MINUSCA-ն ավելի վաղ դատապարտել էր Ամ Դաֆոքի վրա հարձակումը և այդ շրջանում իր բազայի գնդակոծումը։ Առաքելությունը կողմերին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։
Source: https://news.am/hy/news/1047624