ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ արձագանք է առաջացրել Fox News հեռուստաալիքին տված իր հարցազրույցով, որում նա սպառնացել է ուժեղացնել հարվածներն Իրանին։ «Հաջորդ շաբաթ նրանց վիճակն իսկապես վատ կլինի։ Մենք հողին կհավասարեցնենք բոլոր էլեկտրակայանները։ Մենք շարքից կհանենք նրանց բոլոր կամուրջները»,- ասել է Թրամփը։
Առայժմ դա սոսկ հերթական սպառնալիքն է, սակայն դրա իրագործումը կնշանակի հրաժարում պատասխան հարվածների ներկայիս քաղաքականությունից։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անվտանգության հարցերով փորձագետ, պրոֆեսոր Բարի Ռ. Փոուզենը Bild պարբերականին հայտնել է. «Մինչ այժմ այս ամբողջ հակամարտությունն, ըստ էության, պտտվում էր բանակցությունների և այն բանի շուրջ, որ Իրանը կառչած է մնում նրանից, ինչն իր կարծիքով արդեն նվաճել է։ Դա կփոխվի [...], եթե Թրամփը, հիասթափությունից դրդված, իրագործի իրանական ենթակառուցվածքները կործանելու իր սպառնալիքը»։
Այդ դեպքում Իրանը կփորձի հարվածել Պարսից ծոցի մյուս կողմում գտնվող ենթակառուցվածքներին, նշել է Փոուզենը։ Նա հարվածներ կհասցնի Բահրեյնին, Քուվեյթին և Էմիրություններին։ Հենց որ դա տեղի ունենա, «նավթի գինը կթռչի երկինք, և նույնիսկ Իսրայելը կարող է կրկին ներքաշվել» պատերազմի մեջ։ Դա նշանակում է, որ լայնածավալ էսկալացիայի վտանգ է առաջանում։
Այնուամենայնիվ, նոր էսկալացիայի համար Թրամփի ժամանակը սուղ է։ ԱՄՆ-ում աճում է դժգոհությունը պատերազմից՝ թե՛ ընդդիմության, թե՛ նախագահի կուսակիցների շրջանում։ Իսկ նոյեմբերի 3-ին տեղի են ունենալու ԱՄՆ Կոնգրեսի նոր ընտրությունները։
Հարվարդի համալսարանի քաղաքագետ, պրոֆեսոր Մեթյու Ա. Բաումը նշել է. «Այս պատերազմը կարճաժամկետ լուծում չունի։ Որովհետև ես չգիտեմ, թե Թրամփն այժմ ինչ կարող է առաջարկել Իրանին վերջին գործարքից բացի։ Միջուկային ծրագրի և նեղուցի վերահսկողության շուրջ փոխզիջումները ԱՄՆ-ի տեսանկյունից անհնար են»։
Եթե մարտական գործողություններն ուժգնանան, և գները բարձրանան, այս թեման առաջնային պլան կմղվի լրատվամիջոցներում։
«Դա, իր հերթին, կուժեղացնի ճնշումը Կոնգրեսի վրա»,- ասել է Բաումը։ Արդյոք նման պայմաններում Թրամփը կորոշի իրագործել իր սպառնալիքը, դեռևս պարզ չէ։
Source: https://news.am/hy/news/1050034