Համաշխարհային շուկայում նավթի դեֆիցիտը կվերանա միայն աստիճանաբար, իսկ դրա պաշարները մոտենում են նվազագույն մակարդակին, ինչը սպառնում է էներգետիկ ոլորտի ֆիզիկական ենթակառուցվածքների խափանումներով։ Նման նախազգուշացում է պարունակում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր վերլուծական զեկույցը, որը հրապարակվել է կառույցի բլոգում։
«Երբ էլ որ սկսվի առաջարկի վերականգնումը, նավթի դեֆիցիտը կվերանա միայն աստիճանաբար։ Սրա պատճառով պաշարները կմոտենան գործառնական նվազագույն շեմին, որից ցածր աշխատանքը հղի է հենց ֆիզիկական համակարգին (վառելիքաէներգետիկ համալիրի ենթակառուցվածքներին) վնաս հասցնելու ռիսկով»,- ընդգծում են ԱՄՀ փորձագետները՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին և հարվածներ հասցրել Իսրայելին։ Հարվածների են ենթարկվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Բացի այդ, Իրանի իշխանությունները որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների հետ կապված նավերի համար, քանի որ վերջիններս աջակցել են Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ագրեսիային։ Նեղուցով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի ծավալների մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։
Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնամասշտաբ հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ՝ վերջինիս մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների այն դրույթները խախտելու մեջ, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է։
Source: https://news.am/hy/news/1049965