ԱՄՆ-ում գնաճն ապրիլին կրկին արագացել է վառելիքի գների կտրուկ աճի ֆոնին, որն առաջացել է Իրանի հետ պատերազմից հետո սկսված նավթային շոկի հետևանքով, հայտնում է CNN-ը:

ԱՄՆ առևտրի նախարարության տվյալներով՝ Դաշնային պահուստային համակարգի կողմից նախապատվությունը տրվող գնաճի ցուցանիշը՝ PCE (անձնական սպառողական ծախսերի) ինդեքսը, տարեկան կտրվածքով աճել է մինչև 3,8%՝ նախորդ ամսվա 3,5%-ի համեմատ:

Ընդ որում, գների ամսական աճը դանդաղել է մինչև 0,4%՝ մարտին արձանագրված 0,7% թռիչքից հետո, սակայն տնային տնտեսությունների վրա ճնշումն ուժեղանում է հիմնական ապրանքների՝ առաջին հերթին վառելիքի, էլեկտրաէներգիայի, սննդամթերքի և բնակարանների արժեքի պատճառով:

Զուգահեռաբար մեծանում է նաև բնակչության ֆինանսական բեռը։ Ամերիկացիների տնօրինվող եկամուտները փաստացի նվազել են, իսկ խնայողությունների մակարդակն ընկել է մինչև 2,6%՝ հասնելով վերջին գրեթե չորս տարվա նվազագույն ցուցանիշին։ Տնտեսագետները նշում են, որ շատ ընտանիքներ արդեն սկսել են ծախսել իրենց կուտակումները՝ ծախսերի աճը փոխհատուցելու համար։

Nationwide-ի տնտեսագետ Քեթի Բոստժանչիչը հայտարարել է, որ տնային տնտեսությունները ճնշում են զգում ավելի բարձր գնաճից։ Նա հավելել է, որ գների աճն սկսում է ուղղակիորեն հարվածել սպառողական վարքագծին։

Լրացուցիչ ճնշումը կապված է այն բանի հետ, որ իրական (հաշվի առած գնաճը) եկամուտներն ու ծախսերը փաստացի լճացման մեջ են: Ապրիլին իրական տնօրինվող եկամուտները նվազել են 0,5%-ով, իսկ սպառման աճը կազմել է ընդամենը 0,1%, այսինքն՝ մարտի ավելի ուժեղ աճից հետո գրեթե կանգ է առել։

Փորձագետներն ընդգծում են, որ առանցքային գործոն է մնում էներգակիրների գների թռիչքը, որն առաջացել է Հորմուզի նեղուցով նավթի և գազի մատակարարումների խափանումների պատճառով։ Դա արդեն անդրադառնում է ոչ միայն վառելիքի, այլև մատակարարման շղթաների վրա՝ սննդամթերքից մինչև արդյունաբերական ապրանքներ։

NerdWallet-ի տնտեսագետ Էլիզաբեթ Ռենտերը նշել է, որ գնաճն արագանում է նավթային շոկի և դրա հետևանքային ազդեցությունների, ինչպես նաև սակագնային քաղաքականության ու ներմուծվող ապրանքների գների կառուցվածքային աճի պատճառով։

Բազային գնաճը (առանց վառելիքի և սննդամթերքի հաշվարկի) ևս մնում է բարձր՝ տարեկան կտրվածքով կազմելով շուրջ 3,3%, ինչը գերազանցում է Դաշնային պահուստային համակարգի 2% թիրախային մակարդակը։

Այս ամենի հետնապատկերին, վերլուծաբանների գնահատմամբ, Դաշնային պահուստային համակարգը, ամենայն հավանականությամբ, տոկոսադրույքները կթողնի անփոփոխ, քանի որ գնաճային ճնշումը մնում է կայուն, իսկ դրա արագ նվազման հեռանկարը քիչ հավանական է թվում։

Source: https://news.am/hy/news/1039245