Ռուսաստանում մեծանում է ճնշումը վառելիքի շուկայի վրա՝ նավթավերամշակման ենթակառուցվածքներին հասցվող հարվածների հետնապատկերին, որոնք արդեն հանգեցնում են մատակարարումների խափանումների և մի շարք տարածաշրջաններում բենզինի տեղային դեֆիցիտի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը բախվում է վառելիքի «ժամանակավոր դեֆիցիտի» հետ՝ ընդգծելով, որ իշխանություններն իրավիճակը համարում են վերահսկելի և ոչ ծայրահեղ։ Նա միաժամանակ հայտնել է վնասված օբյեկտների արագացված վերականգնման, վառելիքի հնարավոր ներկրման ընդլայնման և հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացմանն ուղղված միջոցառումների մասին, հայտնում է CNBC-ն։

Ինչպես նշում է CNBC-ն՝ հղում անելով վերլուծաբաններին, նավթային ենթակառուցվածքներին հասցվող հարվածների հետևանքներն արդեն անդրադառնում են ներքին շուկայի վրա և կարող են ճնշում գործադրել տնտեսական ցուցանիշների, ներառյալ՝ արդյունաբերական ակտիվության և աճի տեմպերի վրա։

Ըստ նյութում բերված տվյալների՝ բենզինի խափանումներ և դրա վաճառքի սահմանափակումներ են գրանցվում Ռուսաստանի տասնյակ տարածաշրջաններում։ Դրանց թվում նշվում են Ղրիմը, Սիբիրը, Հեռավոր Արևելքը, ինչպես նաև առանձին կենտրոնական և հարավային շրջաններ։ Մի շարք դեպքերում սահմանվում են վառելիքի բացթողման լիմիտներ և մեկ վարորդին վաճառվող սահմանաչափեր, ինչպես նաև հաղորդվում է մասնավոր լցակայաններում մատակարարումների անկայունության մասին։

Նման պայմաններում տարածաշրջանային իշխանությունները հայտարարում են վառելիքի հոսքերի վերաբաշխման և մատակարարումների ավելացման մասին՝ փորձելով կայունացնել իրավիճակը ներքին շուկայում։

Source: https://news.am/hy/news/1046688