Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է թիրախային ազդեցության կենսաբանական զենքի ստեղծման ծրագիր իրականացնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում, իսկ համապատասխան լաբորատորիաները գործում են նաև ԱՊՀ երկրներում:

ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի (ԱՄՀԾԽ) 58-րդ նիստին ունեցած իր ելույթում Բորտնիկովը նշել է, որ կենսաբանական ոլորտում ԱՊՀ երկրներին սպառնացող վտանգները, հատկապես կանխամտածված հատկանիշներով օժտված վտանգավոր վարակիչ հիվանդությունների հնարավոր տարածումը, դեռևս արդիական են:

«ՆԱՏՕ-ն շարունակում է թիրախային ազդեցության կենսաբանական զենքի ստեղծման երկարաժամկետ ծրագիր իրականացնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Կենսալաբորատորիաներ են գործում նաև ԱՊՀ երկրներում»,- ասել է ԱԴԾ տնօրենը:

Նա հավելել է նաև, որ այս հաստատություններից ախտածինների արտահոսքի հետ կապված միջադեպերն ու դաշտային փորձարկումները քողարկվում են բնական պատճառների անվան տակ:

«Մեր զինված ուժերը նման գործունեության բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում»,- ընդգծել է Բորտնիկովը:

Նրա խոսքով՝ կենսաբանական զենքի գաղտնի, թիրախային և նախապես ծրագրավորված ազդեցության վտանգն ակնհայտ է:

«Վստահ եմ՝ ներկաները հասկանում են, որ դրա հնարավոր կիրառման աղբյուրները, մասշտաբներն ու ուղղվածությունը որոշվելու են Համագործակցության (ԱՊՀ) սահմաններից հեռու: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը մեծացնում է կենսաբանական ահաբեկչության ռիսկերը»,- ասել է Բորտնիկովը:

ԱԴԾ տնօրենն ընդգծել է, որ այս սպառնալիքը չափազանց լուրջ է:

Source: https://news.am/hy/news/1038362