ՆԱՏՕ-ն փոխում է ապագա պատերազմների նկատմամբ իր մոտեցումը՝ խաղադրույք կատարելով անօդաչուների, արբանյակների, սենսորների և արհեստական բանականության վրա։ Դաշինքի արևելյան թևում՝ Ֆինլանդիայից մինչև Սև ծով, նախատեսվում է ստեղծել միասնական դիտարկման համակարգ, որը կկարողանա ավելի արագ հայտնաբերել հնարավոր ռուսական հարձակումները և օգնել դրանց հետմղմանը։
Ուկրաինայի փորձը դարձել է նոր տեխնոլոգիաների մշակման գլխավոր աղբյուրներից մեկը։ Ուկրաինացի զինվորականներն արդեն ակտիվորեն օգտագործում են արհեստական բանականությունը՝ անօդաչուների կառավարման, նավիգացիայի և հարվածների ճշգրտության բարձրացման համար։
«Մարդիկ են որոշում, թե ինչ է անում անօդաչուն։ Բայց պարտադիր չէ, որ իրենք ղեկավարեն թռիչքը, որովհետև մենք չունենք մեկ միլիոն օդաչու։ Մենք չենք կարող միաժամանակ գործարկել մեկ միլիոն անօդաչու», — Bild-ին հայտարարել է ԱՄՆ բանակի մայոր Բեն Շիֆը, որը պատասխանատու է ՆԱՏՕ-ի թվային համակարգերի համար։
Ապագայում, նրա խոսքով, մարտի դաշտում առաջադրանքների մի մասը կկարողանան կատարել ինքնավար մեքենաները․ անօդաչուները կփնտրեն թիրախներ, իսկ ցամաքային ռոբոտները՝ մատակարարել բեռներ կամ կատարել վտանգավոր հանձնարարություններ զինվորների փոխարեն։ Սակայն ՆԱՏՕ-ում ընդգծում են, որ ավտոմատացման նպատակը պատերազմում մարդուն փոխարինելը չէ, այլ զինծառայողների համար ռիսկերը նվազեցնելն ու զենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը պահպանելը։
Source: https://news.am/hy/news/1055114