Բալթյան երկրներում ՆԱՏՕ օդային պարեկության առաքելությունում ներգրավված կործանիչներն ուրբաթ Լատվիայի օդային տարածքում խոցել են «օտարերկրյա դրոն», հայտնել են Լատվիայի զինված ուժերը։

Հայտարարության մեջ լատվիացի զինվորականները նշել են, որ անօդաչու սարքը հայտնվել է Լատվիայում «ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների աշխատանքի հետևանքով» և խփվել է երկրի արևելքում՝ Բալվիի երկրամասում, հայտնել է Euronews-ը։

Լատվիայի զինված ուժերը արևելյան սահմանների մոտ տեղակայել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ ստորաբաժանումներ և շարունակում են օդային տարածքի մշտադիտարկումը։

«Քանի դեռ շարունակվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում, օտարերկրյա դրոնների՝ Լատվիայի օդային տարածք ներթափանցելու կամ դրան մոտենալու դեպքերի կրկնությունը շարունակում է հնարավոր մնալ», — ընդգծվել է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Օդային տարածքում լրացուցիչ սպառնալիքներ են արձանագրվել Աուգշդաուգավայի, Պրեյլիի, Ռեզեկնեի, Բալվիի և Ալուքսնեի ինքնակառավարման միավորներում, սակայն այս պահին այդ միջադեպերն ավարտվել են։

Source: https://news.am/hy/news/1055423