ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունները արդեն որոշ ժամանակ հետևում են Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի գործողություններին, որոնք կարող են վկայել ծովի հատակին միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներ տեղակայելու փորձերի մասին։ «Սկիֆներ» ծածկանվամբ գաղտնի նախագիծը, հնարավոր է, իրականացվում է արդեն մի քանի տարի, հաղորդում է Tagesshau-ն՝ հղում անելով Գերմանիայի խոշորագույն տարածաշրջանային հանրային հեռուստառադիոհեռարձակող WDR և NDR ընկերությունների հետաքննությանը։

Վերջին ամիսներին նրանք ուսումնասիրել են այս հրթիռային նախագիծը՝ վերլուծելով արբանյակային նկարները, ուսումնասիրելով ռուսական գիտական տվյալների բազաներն ու պատմական փաստաթղթերը, ինչպես նաև տեղեկություններ ստանալով զինվորականներից և հետախույզներից։ Ծովի հատակին տեղադրված արձակման կայանքները պատերազմի դեպքում լուրջ խնդիր կստեղծեին ՆԱՏՕ-ի համար, քանի որ դրանք դժվար կլինի հայտնաբերել և խոցել։

Վախը, որ միջուկային տերությունները կարող են միջուկային զենքը թաքցնել համաշխարհային օվկիանոսի որևէ հատվածում, գոյություն ուներ դեռ Սառը պատերազմի տարիներին։ 1970 թվականին ՄԱԿ-ի բանաձևով ընդունվեց ծովերի և օվկիանոսների հատակին ու դրանց ընդերքում միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման այլ տեսակների զենքերի տեղակայումն արգելող պայմանագիրը, որը հետագայում ստորագրեցին շուրջ 80 երկրներ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը։ Սակայն այս դեպքում «Սկիֆներ» նախագծի շրջանակում հրթիռները նախատեսվում է տեղադրել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում՝ Ռուսաստանի տարածքում։

Արևմտյան հետախուզական աղբյուրների համաձայն՝ դրանք կարող են գտնվել հատակին՝ հատուկ մշակված հանքահորերում կամ բեռնարկղերում, երբեմն՝ մի քանի հարյուր մետր խորության վրա։ Տեղակայման դեպքում հրթիռները կարող են այնտեղ մնալ երկար ժամանակ և անհրաժեշտության դեպքում հեռահարորեն արձակվել։

Աղբյուրները ՆԱՏՕ-ում նշում են, որ հանքահորերի տեղակայման համար կօգտագործվեն Սևերոդվինսկում տեղակայված «Զվյոզդոչկա» ռազմական տրանսպորտային նավը, որը կառուցվել է ծովով ծանր տեխնիկա տեղափոխելու համար, և, հավանաբար, «Սարով» հատուկ սուզանավը։

Գերմանիայի ռազմածովային ուժերի սպա և Գերմանական միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի հրավիրված գիտաշխատող Հելգե Ադրիանսը նման նախագիծը դիտարկում է որպես հրթիռների արձակման համար նախատեսված շատ բարդ և թանկարժեք հարթակներից, օրինակ՝ սուզանավերից, կախվածությունը նվազեցնելու փորձ։ Ստորջրյա հանքահորեր ունենալով՝ Ռուսաստանը կարող էր պահպանել իր միջուկային ներուժը նույնիսկ սահմանափակ ֆինանսական ռեսուրսների պայմաններում, կարծում է նա։

Source: https://news.am/hy/news/1037246