NEWS.am-ի տեղեկություններով՝ ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և նրա հոր անվան հետ կապված՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Խոսքը «Հետք»-ի՝ «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» հոդվածի հիման վրա, դեռևս 2022 թվականի նոյեմբերի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի մասին է: Հիշյալ հոդվածը վերաբերում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն:

Այս վարույթով, ի թիվս այլ դրվագների, քննության առարկա է դարձել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում գործող «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի իրական շահառուների և նրանց ստացած եկամուտների հարցը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, հիշյալ վարույթի շրջանակներում առայժմ ունի վկայի դատավարական կարգավիճակ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեում որոշել են լուծել շուրջ երեքուկես տարի առկախված հիշյալ վարույթի ճակատագիրն ու կարճել այն, սակայն մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել քննիչի որոշումը և վարույթի նյութերը վերադարձրել է քննչական մարմնին` վարույթը շարունակելու հանձնարարությամբ:

Այդ քայլով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հավանաբար փորձել է ժամանակավորապես իր վրայից գցել իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքին «արդարացնելու» բեռը, ըստ էության, միաժամանակ կախվածության մեջ պահելով Թորոսյանին իրավապահներից:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվել են հայտնել՝ արդյոք հիշյալ գործի շրջանակներում մեղադրյալ ներգրավված անձինք կան, թե ոչ.

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվում է քրեական վարույթ, որում, ի թիվս այլնի, քննության առարկա է հանդիսանում «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊ ընկերության գործունեությունը: Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին, որով ներկայում շարունակվում է նախաքննությունը»,- ասված է կայքին ուղարկված պատասխանում:

Նշենք, որ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակված տվյալների համաձայն՝ «ՖԻՇ ՖԱՐՄ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ն հիմնվել է 2021 թվականին: Համաձայն ընկերության իրական շահառուների վերաբերյալ վերջին հայտարարագրի, որը ներկայացվել է 2026 թվականի փետրվարի 4-ին, հիշյալ կազմակերպության կանոնադրական կապիտալում 80% մասնակցություն ունի Գևորգ Թորոսյանը (2021 թվականի հոկտեմբերի 19-ից), իսկ 20%-ի սեփականատերը Սարգիս Թադևոսյանն է: Վերջինիս հայրը՝ Ռազմիկ Թադևոսյանը, ըստ «Հետք»-ի, Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության նախարար եղած տարիներին եղել է նրա վարորդը, իսկ պատգամավոր եղած ժամանակահատվածում՝ նրա օգնականը:

Համաձայն լրատվամիջոցի իրականացրած հետաքննության՝ Արսեն Թորոսյանը, հոր՝ Գևորգ Թորոսյանի և Սարգիս Թադևոսյանի՝ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ում բաժնետեր դառնալու հաջորդ օրը՝ 2021թ. հոկտեմբերի 20-ին, երկու միավոր հողատարածք է գնել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Այս տեղեկատվությունը նշված է պաշտոնյայի 2021թ. գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրում: Թորոսյանը հողատարածքները գնել է ընտանիքի նոր բիզնես գործընկերոջ՝ Սարգիս Թադևոսյանի կնոջից՝ Աննա Թադևոսյանից՝ համապատասխանաբար վճարելով 3 մլն 700 հազար և 1 մլն 300 հազար դրամ: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն է ստացել 2022թ. մարտի 10-ին՝ 3 տարի ժամկետով:

Source: https://news.am/hy/news/1049587