ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ էր, երբ դաշինքի դաշնակիցներից պահանջում էր ավելացնել պաշտպանական ծախսերը և ամրապնդել սեփական զինված ուժերը։ Այս մասին նա ասել է Politico-ին տված հարցազրույցում՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։

Ռյուտեի խոսքով՝ հենց Թրամփի քաղաքականությունն է ստիպել Եվրոպայի երկրներին ավելի լուրջ վերաբերվել անվտանգության հարցերին, բանակների արդիականացմանը և դաշինքի ներսում ֆինանսական բեռի ավելի արդար բաշխմանը։ Նա նաև աջակցել է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու վերաբերյալ ամերիկյան նախագահի որոշմանը։

«Նա պարզապես ինձ դուր է գալիս։ Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է ՆԱՏՕ-ի համար, հիանալի նորություն է», — ասել է Ռյուտեն։

«Նախագահ Թրամփը փաստացի հասնում է նրան, ինչին ամերիկյան նախագահները փորձում էին հասնել դեռևս Էյզենհաուերի ժամանակներից՝ հավասարեցնել պաշտպանական ծախսերի մակարդակը ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև», — հավելել է նա։

Ռյուտեի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի ներկայիս գագաթնաժողովը վերջին տարիների ամենակարևորներից մեկը կդառնա, քանի որ անդամ երկրները ծրագրում են էապես մեծացնել պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը։ Վերջին երկու տարիներին ՆԱՏՕ-ի 31 դաշնակիցներ, չհաշված ԱՄՆ-ը, արդեն պարտավորվել են մոտ 250 մլրդ դոլար ներդնել նոր պաշտպանական նախագծերում, և մոտ ժամանակում սպասվում են նոր պայմանավորվածություններ։

Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դաշինքը պետք է դառնա ավելի ինքնաբավ։ Նրա խոսքով՝ ավելի ուժեղ Եվրոպան նշանակում է ավելի ուժեղ ՆԱՏՕ, ուստի եվրոպական պետություններն ու Կանադան պետք է իրենց վրա վերցնեն մայրցամաքի անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն՝ չափազանց շատ չհենվելով Միացյալ Նահանգների վրա։

Source: https://news.am/hy/news/1048401