Հուլիսի 11-ի ցերեկը Մոսկվայում տեղացած ուժեղ տեղատարափ անձրևը հանգեցրել է մետրոյի Լյուբլինսկո-Դմիտրովսկայա գծի «Տրուբնայա» կայարանի նախասրահի հեղեղմանը, հաղորդել է «Կոմերսանտը»։

Ինչպես հայտնել են մայրաքաղաքի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից, ջուրը ներթափանցել է նախասրահ, սակայն կայարանի աշխատակիցներն օպերատիվ կերպով վերացրել են հետևանքները, ջուրը հեռացվել է դրենաժային համակարգի միջոցով։ Կայարանի աշխատանքը չի դադարեցվել։

«Մոսվոդոստոկ» պետական միասնական ձեռնարկությունում նշել են, որ Տրուբնայա հրապարակում ամպրոպի ժամանակ առաջացել էր ջրի ժամանակավոր կուտակում, որը քաղաքային անձրևաջրերի կոյուղու կողմից արագ ընդունվել է։

Անբարենպաստ եղանակի պատճառով խափանումներ են առաջացել նաև տրամվայների երթևեկության մեջ՝ Կուրսկի կայարանի մոտ գտնվող Վերխնի Սուսալնի նրբանցքի շրջանում․ գծերի վրա ծառ էր ընկել։ Ավելի ուշ երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։

Մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտը բնակիչներին խորհուրդ է տվել օգտվել մետրոյից, քանի որ, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, ամպրոպներն ու հորդառատ անձրևները քաղաքում կպահպանվեն առնվազն մինչև կիրակի երեկո։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մոսկվայում ամպրոպի ժամանակ երկու մարդ տուժել է կայծակի հարվածի հետևանքով։

Source: https://news.am/hy/news/1049306