Մոնակոյում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողը նույնականացվել և տեղորոշվել է եվրոպական երկրներից մեկում, որը ո՛չ Մոնակոն է, ո՛չ էլ Ֆրանսիան, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Մոնակոյի դատական մարմինների հարցմամբ ակտիվացվել է միջազգային համագործակցություն՝ նրան ձերբակալելու համար։

Հետաքննությունը պարզել է նաև, որ փնտրվող անձը կին է։ Միաժամանակ, ըստ հետախուզության ընթացքում ստացված և Մոնակոյի ոստիկանության ներքին գրության մեջ արտացոլված տեղեկատվության՝ նա կարող է օգտագործել քողարկում՝ տղամարդու տեսք ընդունելու համար։

Քննության վարկածով՝ կասկածյալը նախապես տեղանքի հետախուզություն է իրականացրել։ Ենթադրվում է, որ հարձակման օրը նա Մուլեն հրապարակի շրջանում հետևել է ուկրաինական ընտանիքին և նրանց տանը մոտեցել տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին։

Այնուհետև, ըստ իրադարձությունների վերականգնման, նա շենքի մուտքի մոտ պայուսակի մեջ դրված պայթուցիկ սարք է թողել և հեռացել, որից հետո, քննության տվյալներով, վերահսկել է իրավիճակը, քանի դեռ ընտանիքը ներս էր մտնում։

Այն պահին, երբ մոտակայքում է հայտնվել ուկրաինացի օլիգարխի ուղեկիցը, պայթուցիկ սարքը հեռակառավարման վահանակի նմանվող սարքի միջոցով գործի է դրվել։

Տուժած կինը՝ օլիգարխի ուղեկիցը, մնում է ծանր վիճակում. նրա երկու ոտքերն անդամահատել են։

Հետաքննության այս փուլում դիտարկվում է պատահարի երկու հիմնական վարկած՝ կազմակերպված հանցավորություն կամ հնարավոր օտարերկրյա միջամտություն։

Ավելի վաղ՝ այս շաբաթվա սկզբին, Figaro պարբերականը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրներին, հայտնել էր, որ Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել։

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը հանդես է եկել կատարվածի դատապարտմամբ և հայտարարել, որ պայթյունը ցնցել է Մոնակոյի ամբողջ հասարակությունը։ BFMTV հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Մոնակոյում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևն է։

Source: https://news.am/hy/news/1047502