Մոնակոյում ծանրոցների պայթյունի կազմակերպման կասկածանքով հետախուզվող ուկրաինուհի Անաստասիա Բերեզովսկայան, որի հետևանքով տուժել են ուկրաինական պատժամիջոցների տակ գտնվող բազմամիլիոնատեր Վադիմ Երմոլաևը և նրա ընտանիքի անդամները, հայտնաբերվել է մահացած, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը (ՍԲՈւ):

Գերատեսչության տվյալներով՝ 39-ամյա Բերեզովսկայայի դին՝ գլխի հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է Ուկրաինայի տարածքում։ Նրա սպանության առնչությամբ ձերբակալվել է երկու մարդ՝ իրավապահ մարմինների նախկին աշխատակից և Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության գործող սպա։ Վերջինս, ինչպես պնդում է ՍԲՈւ-ն, խոստովանել է Բերեզովսկայայի սպանությունը՝ հայտարարելով, որ այն կատարել է հանցակցի հետ միասին։

Նախկին իրավապահի տանը խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են նկուղային տարածք, որը, ըստ քննության վարկածի, հիշեցնում էր «խոշտանգումների խուց»։ Երկու ձերբակալվածներն էլ կասկածվում են կանխամտածված սպանության մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ։ Քննությունը իրականացվում է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի անձնական աջակցությամբ։

ՍԲՈւ-ի տեղեկություններով՝ Բերեզովսկայան հուլիսի 1-ին վերադարձել է Ուկրաինա՝ Մոնակոյում պայթյունից երկու օր անց։ Այնտեղ նա կապ է պահպանել հարազատների, ինչպես նաև երկու տղամարդու հետ, որոնք, ըստ քննության տվյալների, բազմիցս գումարներ են փոխանցել նրա բանկային և կրիպտոարժութային հաշիվներին։ Հենց այս հանգամանքներն էլ հիմք են դարձել նրանց դիտարկելու որպես հարձակման նախապատրաստման հնարավոր հանցակիցներ։

Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 29-ին Մոնակոյի բնակելի տան մուտքում։ Ինչպես հայտնել էին տեղական իշխանությունները, ծանրոցը պայթել է այն պահին, երբ բնակիչները մտնում էին շենք։ Տուժել է երեք մարդ, նրանցից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ։

Մոնակոյի դատախազի տեղակալ Մորգան Ռայմոնը հայտնել է, որ Բերեզովսկայան մի քանի օր հետևել է ապագա զոհերի տանը, իսկ հարձակման օրը տղամարդու հագուստով էր։ Պայթյունից հետո, ըստ քննության վարկածի, նա լքել է իշխանապետությունը վարձակալած ավտոմեքենայով, Իտալիայի միջոցով հասել է Գերմանիա, այնուհետև վերադարձել Ուկրաինա։ Ինտերպոլը նրան հայտարարել է միջազգային հետախուզում՝ սպանության փորձի, հասարակական վայրում պայթուցիկ սարք տեղադրելու և հանցավոր դավադրությանը մասնակցելու մեղադրանքներով։

ՍԲՈւ-ն հայտարարել է, որ Մոնակոյի իշխանություններին փոխանցել է իր տրամադրության տակ եղած ողջ տեղեկությունը և շարունակում է համագործակցությունը տեղական իրավապահ մարմինների հետ։ Քննությունը նաև պարզում է պայթյունի կազմակերպման մյուս հնարավոր մասնակիցների ինքնությունը։

Մոնակոյի իշխանությունները պաշտոնապես չէին հրապարակել տուժածների անունները, սակայն տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ հարձակման թիրախը եղել են ուկրաինացի ձեռնարկատեր Վադիմ Երմոլաևը, նրա ուղեկցուհին և 13-ամյա որդին։

Երմոլաևը կառուցապատող է և Ուկրաինայի նախկին քաղաքացի, որը 2019 թվականին ստացել է Կիպրոսի քաղաքացիություն և տեղափոխվել Մոնակո։ 2020 թվականին Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել էր մոտ 230 միլիոն դոլար՝ նրան դասելով ամենահարուստ ուկրաինացիների շարքում 39-րդ տեղում։ Գործարարը ակտիվներ ունի Ղրիմում գինեգործական և ալկոհոլային ոլորտներում, իսկ 2023 թվականից գտնվում է ուկրաինական իշխանությունների պատժամիջոցների տակ։

Source: https://news.am/hy/news/1048409