Մոնակոյի դատախազությունը դեռևս որևէ առաջնային վարկած չի առանձնացնում հունիսի 29-ին ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ տեղի ունեցած մահափորձի հետաքննության մեջ։ Այս մասին հայտարարել է իշխանության գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն, հայտնում է Le Figaro-ն։

Նրա խոսքով՝ քննությունը դեռ չի պարզել ո՛չ կիրառված պայթուցիկ սարքի ծագումը, ո՛չ էլ հանցագործության հնարավոր դրդապատճառները։ Դատախազը նաև հայտնել է, որ տևական տեսակոնֆերանս է անցկացրել ուկրաինացի իր գործընկերոջ հետ՝ հետաքննության ընթացքը համակարգելու նպատակով։

Այս պահին գործը քննվում է սպանության փորձի, հասարակական վայրում հանցավոր մտադրությամբ պայթուցիկ սարք տեղադրելու և հանցավոր խմբավորմանը մասնակցելու հոդվածներով։ Ընդ որում, մեղադրանքների իրավական ձևակերպումը կարող է փոխվել Ուկրաինայից և հետաքննությանը մասնակցող մյուս երկրներից համապատասխան նյութեր ստանալուց հետո։

Պետությունների միջև ապացույցների փոխանակումը կազմակերպելու նպատակով իշխանությունները մտադիր են հատուկ խորհրդակցություն անցկացնել, որը նվիրված կլինի միջազգային իրավական օգնության հարցումների ձևակերպմանը։

Ըստ քննության տվյալների՝ հունիսի 29-ին անհայտ անձը պայթուցիկ սարք է թողել Մոնակոյում գտնվող Երմոլաևի տան մոտ։ Պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել են ինքը՝ գործարարը, նրան ուղեկցող կինն ու 13-ամյա որդին։

Գործով գլխավոր կասկածյալ է համարվել Գերմանիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայան։ Ավելի ուշ Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է, որ նրա մարմինը՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է Կիևի մերձակայքում։ Սպանությանը հնարավոր առնչություն ունենալու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակից և նախկին ոստիկան, որն, ըստ նախնական տվյալների, կապեր ունի Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) հետ։ Կիևի դատարանը երկուսին էլ կալանավորել է՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի։

Source: https://news.am/hy/news/1049267