Մոլդովայի և Ռումինիայի հնարավոր միավորման մասին հայտարարություններն, ըստ էության, նշանակում են Եվրամիությանն անդամակցելու որդեգրած կուրսի ձախողման ընդունում։ Այս մասին հայտարարել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Դոյնա Գերմանը։
Նրա խոսքով՝ երկրի ռազմավարական նպատակը շարունակում է մնալ եվրաինտեգրումը, իսկ այլընտրանքային սցենարների, այդ թվում՝ Ռումինիայի հետ միավորման քննարկումը հարվածում է այդ կուրսին։ Նա ընդգծել է, որ կառավարությունը մտադիր է շարունակել շարժվել դեպի ԵՄ, քանի դեռ այդ ուղղությունն ունի հանրային աջակցություն և քաղաքական հնարավորություններ։
Գերմանը նաև նշել է, որ Ռումինիայի հետ միավորման գաղափարը բավարար աջակցություն չունի բնակչության շրջանում, իսկ իշխանությունները պարտավոր են հաշվի նստել քաղաքացիների կարծիքի հետ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ մոլդովացի և ռումինացի մի շարք քաղաքական գործիչներ պարբերաբար հանդես են գալիս երկու երկրների միավորման օգտին, սակայն Քիշնևում կառավարության պաշտոնական դիրքորոշումը միտված է եվրոպական ինտեգրմանն ու Մոլդովայի պետականության պահպանմանը։
Source: https://news.am/hy/news/1042232