Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ռեկորդ է սահմանել երկրի ժամանակակից պատմության մեջ. նա դարձել է կառավարության ամենաերկար և անընդմեջ պաշտոնավարած ղեկավարը։
Հունիսի 10-ին լրանում է 4399 օրն այն պահից, երբ Մոդին 2014 թվականի մայիսի 26-ին առաջին անգամ երդում է տվել որպես վարչապետ։ Այսպիսով, Հնդկաստանի գործող վարչապետը գերազանցել է անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավահարլալ Ներուի ցուցանիշը։ Ներուն այդ պաշտոնն անընդմեջ զբաղեցրել էր4398 օր՝ սկսած 1952 թվականի մայիսի 13-ից, երբ երդում էր տվել Հնդկաստանի առաջին համընդհանուր ընտրություններից հետո, մինչև իր մահը՝ 1964 թվականի մայիսի 27-ը։ Նրա ռեկորդը պահպանվել է ավելի քան վեց տասնամյակ։
2025 թվականի հուլիսի 25-ին Մոդին արդեն իսկ գերազանցել էր Ինդիրա Գանդիի ռեկորդը՝ վարչապետի պաշտոնում անընդմեջ պաշտոնավարելու տևողությամբ։ Գանդին այդ պաշտոնն անդադար զբաղեցրել էր 1966 թվականի հունվարի 24-ից մինչև 1977 թվականի մարտի 24-ը՝ ընդհանուր առմամբ 4077 օր։ Դրանից առաջ Մոդին դարձել էր Ներուից հետո կառավարության առաջին ղեկավարը, ում հաջողվել էր երեք անգամ անընդմեջ հաղթել խորհրդարանական ընտրություններում։
Ինչպես նշում է Hindustan Times թերթը, այս ռեկորդը սահմանվել է Հնդկաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին։ Երբ Ներուն գլխավորում էր երկիրը անկախության ձեռքբերման առաջին տարիներին, Հնդկաստանի բնակչությունը կազմում էր մոտ 340 միլիոն մարդ։ Մինչև 2014 թվականին Մոդիի պաշտոնը ստանձնելը՝ բնակչության թիվը գերազանցել էր 1,31 միլիարդը, իսկ այդ ժամանակից ի վեր այն աճել է՝ հասնելով ավելի քան 1,46 միլիարդի։
Անցած տասնամյակների ընթացքում զգալիորեն ընդլայնվել են նաև հնդկական ժողովրդավարության մասշտաբները։ Եթե 1951-1952 թվականների առաջին համընդհանուր ընտրություններին մասնակցում էր 53 քաղաքական կուսակցություն, ապա 2014 թվականին դրանց թիվն աճել էր՝ հասնելով 464-ի, իսկ 2024 թվականի ընտրություններին հասել 744-ի։ Ընտրողների թիվը, որն առաջին համընդհանուր ընտրությունների ժամանակ կազմում էր մոտ 170 միլիոն մարդ, 2014 թվականին գերազանցել էր 830 միլիոնը։
Վարչապետի պաշտոնում Մոդիի պաշտոնավարման տարիներին Մոսկվայի և Նյու Դելիի միջև հարաբերությունները դուրս են եկել հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության աննախադեպ մակարդակի։ Համագործակցության հիմնական շարժիչ ուժը դարձել է առևտրատնտեսական կապերի լայնածավալ ընդլայնումը, որի շրջանակներում Ռուսաստանն ամրապնդել է հարավասիական այս հանրապետությանը նավթի խոշորագույն մատակարարի իր կարգավիճակը։ Կողմերը նաև ակտիվացրել են խաղաղ ատոմի, ռազմատեխնիկական փոխգործակցության և հեռանկարային լոգիստիկ երթուղիների զարգացման ոլորտներում իրականացվող համատեղ նախագծերը (ներառյալ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը)։ Երկու պետությունների ղեկավարների բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով համաձայնեցվել է համագործակցության համալիր ծրագիր, որի նպատակն է մինչև 2030 թվականը երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։
Source: https://news.am/hy/news/1042448