Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ ԱՄՆ Պետդեպարտամենտի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Վաշինգտոնը լայնամասշտաբ արշավ է սկսում կառույցի դեմ՝ «ամերիկյան ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու» նպատակով։

«Այս փուլում մենք չենք մեկնաբանի այդ հարցը»,- ՄՔԴ-ում հավատարմագրված լրագրողներին հայտնել է դատարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Հուլիսի 13-ին Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը լայնածավալ արշավ է նախաձեռնում ՄՔԴ-ի դեմ՝ չեզոքացնելու համար այն «սպառնալիքը», որը, Վաշինգտոնի կարծիքով, դատարանը ներկայացնում է ԱՄՆ ինքնիշխանության համար։ Նշվում էր, որ արշավի նպատակն է «ՄՔԴ-ին զրկել գործելու հնարավորությունից», ինչը, ի թիվս այլ քայլերի, ենթադրում է դատարանի աշխատակազմի ամերիկյան վիզաների չեղարկում և նրանց մուտքի արգելք։ Բացի այդ, Միացյալ Նահանգները մտադիր է համոզել մյուս երկրներին ևս չհամագործակցել ՄՔԴ-ի հետ։ Ի վերջո, Վաշինգտոնը զգուշացրել է, որ ամերիկյան օգնություն ստացող պետությունների պարագայում հաշվի կառնի, թե արդյոք նրանք փոխգործակցում են դատարանի հետ։

ԱՄՆ ներկայիս վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ։ Դատարանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող հրամանագիրը Թրամփը ստորագրել էր 2025 թվականի փետրվարի 6-ին։

Ամերիկյան կառավարությունը ՄՔԴ-ին մեղադրել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, մասնավորապես՝ Իսրայելի դեմ ուղղված անօրինական գործողությունների մեջ։ Մասնավորապես, ԱՄՆ-ում կարծում են, որ դատարանը չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու անհիմն օրդերներ արձակելով։ Հրամանագիրը թույլ է տալիս ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել ՄՔԴ այն աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն ԱՄՆ քաղաքացիների կամ նրանց դաշնակիցների դեմ իրականացվող հետաքննություններին։

Source: https://news.am/hy/news/1049759