ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում հինգ երեխաների 35-ամյա մայրը մահացու վիրավորվել է Ֆերգյուսոն քաղաքում գտնվող բենզալցակայանում իր երեխաների համար սառը ըմպելիքներ գնելիս, այն բանից հետո, երբ ավտոկայանատեղիում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Fox News-ը։
Ֆերգյուսոնի ոստիկանության տվյալներով, Շաքելա Մարտինը երեքշաբթի կեսգիշերին մոտ գտնվել է բենզալցակայանի տարածքում իր երկու՝ 9 և 6 տարեկան երեխաների հետ։ Կինը շոգ ամառային երեկոյան կանգ էր առել սառեցված ըմպելիքներ գնելու, երբ խանութի ներսում սկսված հակամարտությունը փողոցում վերածվել է կրակոցների։
Ոստիկանապետ Թրոյ Դոյլը հայտարարել է, որ նախնական տվյալներով Մարտինը հակամարտության մասնակից չի եղել և կարող էր պատահական զոհ դառնալ։
«Նա պարզապես եկել էր իր փոքրիկ երեխաների համար ըմպելիքներ գնելու։ Երեխաները ֆիզիկապես չեն տուժել, բայց ակնհայտ է, որ լուրջ հոգեբանական վնասվածք են ստացել։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ են զգում երեխաները, որոնք տեսել են, թե ինչպես են իրենց մորը սպանում իրենց աչքի առաջ», — ասել է նա։
Հրաձգության հետևանքով վիրավորվել է նաև մեկ չափահաս տղամարդ, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա դերը տեղի ունեցածում առայժմ չի պարզվել։
Ոստիկանությունը հայտնում է, որ կրակոցները սկսվել են խանութի ներսում և շարունակվել ավտոկայանատեղիում։ Կասկածյալը դեռևս չի ձերբակալվել, քննությունը շարունակվում է։
Հարազատներն ասել են, որ Մարտինը պատրաստվում էր տեղափոխվել նոր տուն, և ողբերգության օրը ցանկանում էր այդ առիթը նշել փոքրիկ ընտանեկան տոնով՝ պաղպաղակով և ըմպելիքներով։
Source: https://news.am/hy/news/1048011