Ամերիկյան Միսիսիպի նահանգի մայրաքաղաք Ջեքսոնի նախկին քաղաքապետ Չոկվե Անտար Լումումբան և քաղաքային խորհրդի նախկին նախագահ Աարոն Բենքսը դատավարության սկսվելուց մեկ շաբաթ առաջ ընդունել են կոռուպցիոն սխեմայի գործով իրենց մեղքը, հաղորդում է Associated Press-ը։
Երկուշաբթի Լումումբան և Բենքսը մեղավոր են ճանաչվել դավադրության մեջ՝ առաջադրված մեղադրանքի մեկ կետով։ Նրանց մեղքի ընդունմանը նախորդել էր անցյալ շաբաթ Հայնդս շրջանի դատախազ Ջոդի Օուենսի կողմից մեղքի ընդունումն ու պաշտոնից հրաժարական տալը։ Երեքն էլ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են։
Ավելի վաղ ևս երկու հոգի՝ Ջեքսոնի քաղաքային խորհրդի նախագահի նախկին տեղակալ Անժելիկա Լին և գործարար Շերիկ Մարվ Սմիթը, որն Օուենսի ազգականն է, մեղավոր էին ճանաչվել կաշառակերության մեղադրանքներով։
Ըստ 2024 թվականի նոյեմբերին ներկայացված մեղադրական եզրակացության՝ Օուենսը նվազագույնը 115 հազար դոլար է ստացել ՀԴԲ-ի երկու գործակալներից, որոնք ներկայացել էին որպես կառուցապատողներ, ինչպես նաև աջակցել է ավելի քան 80 հազար դոլարի փոխանցմանը՝ որպես կաշառք Բենքսին, Լումումբային և Լիին։ Քննությունը պնդում է, որ գումարները փոխանցվել են շինարարական նախագծի հաստատման հարցում պաշտոնյաների օգնության դիմաց։
Լումումբային, Բենքսին և Օուենսին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Պատժի նշանակման դատական նիստերը նշանակված են հոկտեմբերի 15-ին։
Լումումբան ավելի վաղ մեղադրանքներն քաղաքական հետապնդում էր որակում։ Անցյալ տարվա ընտրություններում նա ձախողեց վերընտրվելու իր փորձը։
Source: https://news.am/hy/news/1048462