Եվրամիության (ԵՄ) բնակչությունը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել գրեթե 52 միլիոնով։ Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ժողովրդագրական փոփոխությունների վերաբերյալ զեկույցում։

Տվյալների վերլուծության արդյունքում Միացյալ հետազոտական կենտրոնը եզրակացրել է, որ Եվրոպայի բնակչության թվաքանակը ներկայումս հասել է իր գագաթնակետին։

«Այսօր ԵՄ-ում ապրում է 450,6 մլն մարդ, իսկ մինչև 2050 թվականը, ըստ կանխատեսումների, Եվրամիության բնակչությունը կնվազի մոտավորապես մինչև 445 մլն, իսկ մինչև 2100 թվականը՝ մինչև 398,8 մլն, այսինքն՝ ընդհանուր առմամբ 11,7%-ով՝ հասնելով 1970-ականների մակարդակին», — նշված է փաստաթղթում։

Փորձագետների կանխատեսմամբ՝ մինչև 2050 թվականը միավորման գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչը կլինի 65 տարեկան և ավելի բարձր տարիքի։ Համեմատության համար մասնագետները բերում են ներկայիս ցուցանիշները, որոնց համաձայն այս տարիքային խմբին է պատկանում յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին։

Միևնույն ժամանակ միության երկրներում կյանքի սպասվող տևողությունը կշարունակի աճել։ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ մինչև 2100 թվականը այս ցուցանիշը կարող է գերազանցել 90 տարին կանանց համար և 86 տարին՝ տղամարդկանց համար։

2023 թվականին ԵՄ-ում ծնված երեխան կարող է առանց լուրջ հիվանդությունների ապրել մինչև 75,3 տարի։

Source: https://news.am/hy/news/1049969