Պալեոնտոլոգների միջազգային խումբը հայտնաբերել է ավելի քան 450 միլիոն տարի առաջ ապրած ծովային կենդանիների փափուկ հյուսվածքների հայտնի ամենահին հետքերից մեկը։ Այս հայտնագործությունը ոչ միայն դարձավ չափազանց հազվագյուտ պալեոնտոլոգիական իրադարձություն, այլև հնարավորություն տվեց նորովի նայել Երկրի կորալային խութերի առաջին բնակիչներից մեկի էվոլյուցիային։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology ամսագրում։
Դինոզավրերի, ցամաքային բույսերի և կենդանիների հայտնվելուց շատ առաջ ժամանակակից ծովաստղերի հին ազգակիցները՝ ծովաշուշանները, նախնադարյան օվկիանոսների ամենահաջողակ բնակիչներից էին։ Երկար ցողունների վրա ծաղիկներ հիշեցնող այս փշամորթները ծածկում էին ամենահին կորալային խութերը։
Սակայն դրանց ուսումնասիրությունը միշտ բարդացել է նրանով, որ բրածո վիճակում սովորաբար պահպանվում են օրգանիզմի միայն կոշտ մասերը՝ կմախքի կրային թիթեղիկները։ Փափուկ հյուսվածքները գրեթե միշտ քայքայվում են մահից կարճ ժամանակ անց։
Օկլահոմայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են հին ծովաշուշանի՝ Դենդրոկրինուս սիմկոենսիսի, եզակի նմուշ, որի մոտ պահպանվել են խողովակաձև ոտիկներ՝ փափուկ օրգաններ, որոնց օգնությամբ կենդանին սնվում էր և փոխազդում շրջակա միջավայրի հետ։
Գիտնականների խոսքով՝ սա բրածո ծովաշուշանների մոտ փափուկ հյուսվածքների պահպանման հայտնի ընդամենը երկրորդ դեպքն է և միաժամանակ հայտնաբերվածներից ամենահինը։
«Կենդանու մահից հետո մաշկը, աչքերը և ներքին օրգանները քայքայվում են առաջին հերթին։ Որպեսզի նման հյուսվածքները պահպանվեն, անհրաժեշտ են չափազանց հազվադեպ պայմաններ, ասես բնությունը օրգանիզմը տեղադրել է սառնարանում կամ հերմետիկ փաթեթավորման մեջ», — բացատրել է Օկլահոմայի համալսարանի պալեոնտոլոգ Լենա Քոուլը։
Հետազոտողների խոսքով՝ նման պահպանվածության հավանականությունը չափազանց փոքր է։ Չնայած նրան, որ ամբողջ աշխարհի թանգարաններում պահվում են բրածո ծովաշուշանների միլիոնավոր նմուշներ, փափուկ հյուսվածքներ հայտնաբերվել են միայն երկրորդ անգամ։
Հայտնագործության տարիքը գերազանցում է 450 միլիոն տարին, ինչը այն դարձնում է մոտ 200 միլիոն տարով ավելի հին, քան ամենահին դինոզավրերը։
Առանձնահատուկ արժեք ունեն պահպանված խողովակաձև ոտիկները։ Ժամանակակից ծովաշուշանների մոտ հենց դրանք են պատասխանատու սնունդ որսալու համար և կենդանիներին թույլ են տալիս օգտագործել ծովային հոսանքները։ Դրանց կառուցվածքն անմիջականորեն կապված է կենսակերպի հետ, ինչպես կաթնասունների ատամների ձևը արտացոլում է սնվելու առանձնահատկությունները։
Ինչպես նշել է պալեոնտոլոգ Դևիդ Ռայթը, հին նմուշի համեմատությունը ժամանակակից տեսակների հետ ցույց է տվել, որ այս օրգանների կառուցվածքը էապես տարբեր էր։ Սա վկայում է այն մասին, որ ծովաշուշանների սնվելու եղանակներն ու դրանց էկոլոգիական ռազմավարությունները էվոլյուցիայի հարյուրավոր միլիոնավոր տարիների ընթացքում զգալիորեն փոխվել են։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ հայտնագործությունը շատ ավելին է, քան կենդանիների մեկ խմբի ուսումնասիրությունը։ Այն օգնում է ավելի լավ հասկանալ վաղ պալեոզոյի հնագույն էկոհամակարգերի կառուցվածքը՝ այն ժամանակաշրջանի, երբ կյանքը նոր էր սկսում ակտիվորեն յուրացնել կորալային խութերը և ձևավորել բարդ ծովային համայնքներ։
Source: https://news.am/hy/news/1048309