Կլիմայի փոփոխությունը և դրա հետևանքով մարջանախութերի դեգրադացիան կարող են մինչև 2100 թվականը Հավայան կղզիների բնակիչների վրա նստել 1,8-ից 3 միլիարդ դոլար։ Ընդ որում, ամենամեծ վնասը կկրեն ցածր եկամուտ ունեցող և սոցիալապես խոցելի համայնքները։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները, որոնց աշխատանքը հրապարակվել է Ecological Economics հանդեսում։

Հետազոտությունն իրականացրել են Մանոայում Հավայան համալսարանի, Նորվեգիայի բնական գիտությունների համալսարանի և Տրենտոյի համալսարանի գիտնականները։ Սա առաջին աշխատանքներից մեկն է, որտեղ մանրամասնորեն էկոլոգիական մոդելները համադրվել են նահանգի ամբողջ տարածքով տեղական համայնքների տնտեսական տվյալների հետ։

«Մարջանախութերը Հավայներում կյանքի հիմքն են՝ մշակութային, էկոլոգիական և տնտեսական տեսանկյուններից։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս բարեկեցության իրական կորուստները, որոնք բնակիչները կզգան այս էկոհամակարգերի քայքայման ընթացքում, թեև սովորաբար նման հետևանքները մնում են աննկատ քաղաքական որոշումներ ընդունելիս», — նշել է հետազոտության առաջատար հեղինակ Էշլի Լոու Մաքենզին։

Ապագա փոփոխությունները գնահատելու համար գիտնականներն օգտագործել են Atlantis բարդ էկոհամակարգային մոդելը, որը թույլ է տվել կանխատեսել առափնյա մարջանախութերի վիճակը մինչև 2100 թվականը՝ ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների երեք սցենարների դեպքում՝ ցածր, միջին և բարձր։

Այնուհետև հետազոտողները կանխատեսվող էկոլոգիական փոփոխությունները կապել են բնակչության ռեկրեացիոն ակտիվության մոդելի հետ՝ տնտեսական կորուստները հաշվարկելով մեկ քառակուսի կիլոմետր տարածական լուծաչափով։ Հաշվարկներում ներառվել են միայն խութերի հետ անմիջականորեն կապված հանգստի տեսակները՝ լող, սնորկելինգ և դայվինգ։ Հեղինակները շեշտում են, որ այդ պատճառով 1,8–3 միլիարդ դոլարի գնահատականը արտացոլում է ընդհանուր տնտեսական վնասի միայն մի մասը։

Ըստ կանխատեսումների, առաջին և ամենալուրջ կորուստները սպասվում են Հավայի կղզու արևմտյան և հարավային ափերին, ինչպես նաև Մաուի կղզում։ Դարի կեսերին բացասական հետևանքները կտարածվեն նաև Օահու կղզու վրա։ Բարձր արտանետումների սցենարի դեպքում առափնյա մարջանախութերը դարավերջին կարող են գրեթե ամբողջությամբ անհետանալ։ Եթե աշխարհին հաջողվի էականորեն կրճատել արտանետումները, արևելյան և հյուսիսային ափերի որոշ խութեր կկարողանան մասամբ վերականգնվել։

Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել սոցիալական արդարությանը։ Օգտագործելով ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության կողմից մշակված EJScreen գործիքը՝ նրանք պարզել են, որ հենց ավելի քիչ ապահովված շրջանների բնակիչները կարող են մեկ շնչի հաշվով կրել ամենամեծ կորուստները։ Սա անսպասելի արդյունք է եղել, քանի որ ավանդական տնտեսական մոդելները սովորաբար նման խմբերի համար կանխատեսում են ավելի փոքր դրամական վնաս։ Սակայն հենց այս համայնքներն են ամենից հաճախ ապրում խութերի հարևանությամբ, որոնք, ինչպես սպասվում է, ամենից շատ են տուժելու։

«Մեր հետազոտությունը հաստատում է այն, ինչ տեղացիները վաղուց էին հասկանում․ մարջանախութերի կորուստը նշանակում է հանգստի հնարավորությունների, մշակութային ավանդույթների և կյանքի որակի կորուստ, որոնք Հավայներում կյանքի անբաժանելի մասն են։ Խութերի հետ կապված հանգիստը սերտորեն միահյուսված է ձկնորսության, ծովային ռեսուրսների հավաքման և առափնյա ջրերի հանդեպ հոգածության ավանդույթների հետ», — ընդգծել է Հավայների Ջրային ռեսուրսների բաժնի ղեկավար Բրայան Նիլսոնը։

Հեղինակների կարծիքով, ստացված արդյունքները պետք է ազդակ դառնան առափնյա էկոհամակարգերի ավելի ակտիվ պաշտպանության համար։ Հետազոտողները նշում են, որ զգալի արդյունքի կարելի է հասնել տեղական բնապահպանական միջոցների շնորհիվ, ներառյալ ցամաքից եկող աղտոտման կրճատումը և ծովային օրգանիզմների չափազանց մեծ որսի սահմանափակումը։

«Հնարավոր կորուստների մասշտաբը պետք է դառնա տագնապալի ազդանշան և մեզ մղի արդեն հիմա պաշտպանելու առափնյա միջավայրը։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ տեղական միջոցները կարող են էապես փոխել իրավիճակը», — նշել է աշխատանքի ավագ հեղինակ Կիրստեն Օլեսոնը։

Source: https://news.am/hy/news/1047776