Միլիարդատեր ներդրող և «Apollo Global Management» մասնավոր ներդրումային ընկերության համահիմնադիր Լեոն Բլեքը լքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Ջեֆրի Էփշտեյնի կապերը հետաքննող հանձնաժողովի փակ լսումները, երբ իրեն սկսել են հարցեր ուղղել չհրապարակման համաձայնագրերի (NDA) վերաբերյալ, հաղորդում է «BBC News»-ը։

Օրենսդիրների խոսքով՝ Բլեքը ցուցմունք է տվել կամավոր հիմունքներով, սակայն ընդհատել է իր մասնակցությունը, երբ իրեն հարցրել են հնարավոր NDA-ների մասին, որոնք նա կարող էր ստորագրած լինել։ Հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ դրանից հետո երկու ծանուցագիր է ուղարկվել՝ փաստաթղթերի տրամադրման և տեսագրությամբ երդվյալ ցուցմունք տալու վերաբերյալ։

«Մենք ուզում ենք իմանալ՝ արդյո՞ք Ջեֆրի Էփշտեյնը ներգրավված է եղել այդ չհրապարակման համաձայնագրերում։ Արդյո՞ք նա մասնակցել է դրանց կազմմանը։ Արդյո՞ք նա ներգրավված է եղել այդ համաձայնագրերով կանանց վճարումներ կատարելու գործում։ Ո՞րն էր այդ NDA-ների նպատակը։ Մենք ուզում ենք իմանալ ամեն ինչ»,— հայտարարել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյմս Քոմերը։

NDA-ները գաղտնիության մասին իրավաբանական համաձայնագրեր են, որոնք հաճախ օգտագործվում են վեճերի կարգավորման կամ աշխատանքային հարաբերությունների ժամանակ։

Բլեքի փաստաբանները BBC-ին հաստատել են, որ նա լքել է լսումներն այն բանից հետո, երբ իր իրավաբանները «հանդես են եկել եզրափակիչ հայտարարություններով»։ Ինքը՝ գործարարը, հայտարարել է, որ դադարեցրել է համագործակցությունը հանձնաժողովի հետ իր ելույթի մասն ավարտելուց հետո։

Ավելի վաղ՝ 2021 թվականին, Բլեքը ստիպված է եղել լքել «Apollo Global Management»-ի ղեկավարի պաշտոնը՝ Էփշտեյնի հետ իր կապերի հետաքննության ֆոնին։ Նա հերքում է ցանկացած իրավախախտման մեջ իր մասնակցությունը։

Իր ներածական խոսքում նա հայտարարել է. «Ես ճանաչում էի Ջեքիլին։ Ես չէի ճանաչում Հայդին»՝ հավելելով, որ Էփշտեյնն, իր կարծիքով, խաբել է իրեն։

«Ես չգիտեի նրա նողկալի և հանցավոր գործունեության մասին մինչև այն պահը, երբ 2019 թվականին նրան մեղադրանք առաջադրվեց մարդկանց թրաֆիքինգի համար»,— ասել է Բլեքը։

Նա նաև ընդգծել է, որ չի մասնակցել սեռական շահագործմանը, չի վճարել կանանց հետ հանդիպումների համար և չի ենթարկվել շանտաժի։ Նրա խոսքով՝ Էփշտեյնին տրված վճարումները եղել են օրինական և կապված են եղել հարկային ու ֆինանսական հարցերի շուրջ խորհրդատվությունների հետ։

Բլեքի իրավաբանները ծանուցագրերի ուղարկումն անվանել են «քաղաքական ներկայացում» և հայտարարել, որ Էփշտեյնը որևէ կապ չի ունեցել NDA-ների կազմման հետ։

Այդուհանդերձ, գործի նյութերում նշվում է, որ Էփշտեյնը կարող էր Բլեքին խորհուրդներ տված լինել մի կնոջ հետ շփվելու վերաբերյալ, ում հետ միլիարդատերը անձնական հարաբերություններ է ունեցել, և ով հետագայում հայց է ներկայացրել նրա դեմ։ Դատարանը մերժել էր այդ հայցը՝ հղում անելով նաև չհրապարակման համաձայնագրի պայմաններին։

Հանձնաժողովում դեմոկրատների ներկայացուցիչները հայտարարել են, որ Բլեքը «լքել է նիստերի դահլիճը», երբ իրեն սկսել են հարցեր ուղղել NDA-ների մասին, և նրա այդ վարքագիծը որակել են որպես հրաժարում հետաքննության հետ համագործակցելուց։

Source: https://news.am/hy/news/1046263