Աշխարհի միջուկային պետություններն ավելի ու ավելի հաճախ են մարտագլխիկները պահեստարաններից տեղափոխում օպերատիվ կրիչների վրա, ինչը մեծացնում է հակամարտության ռիսկը՝ չնայած ընդհանուր պաշարների աստիճանական կրճատմանը։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) գնահատականներով՝ համաշխարհային համակցված զինանոցը կազմում է 12 հազար 187 մարտագլխիկ, որոնցից մոտ 9745-ը պահեստներում են պոտենցիալ օգտագործման համար։ Սա չնչին նվազում է անցյալ տարվա համեմատ. Սառը պատերազմի ավարտից ի վեր հին մարտագլխիկներն ընդհանուր առմամբ ավելի արագ են ոչնչացվել, քան տեղակայվել են նորերը։ Ընդսմին, ընդհանուր միտումը տագնապալի է։
«Ամենից մտահոգիչ նորությունն այն է, որ նույնիսկ միջուկային զենքի ավելի փոքր ընդհանուր քանակի դեպքում միջուկային սպառնալիքների և ռիսկերի մակարդակը անշեղորեն աճում է»,- Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Քարիմ Հագագը։
Ինստիտուտում կանխատեսում են, որ միջուկային զենքի համաշխարհային պաշարների կրճատման միտումը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին կփոխարինվի աճով։ «Ոչնչացման տեմպերը դանդաղում են, մինչդեռ միջուկային զենքի նոր տեսակների տեղակայումն արագանում է»։ Ռիսկի առանցքային գործոնների թվում Հագագը նշել է ռազմավարական սպառազինությունների վերահսկման համակարգի (միջազգային պայմանագրերի) փլուզումը և մեծ միջուկային տերությունների միջև մրցակցության սրումը։
Եվս մեկ վտանգավոր միտում կապված է այն բանի հետ, որ «միջուկային զենք ունեցող պետությունները դրանք հանում են երկարաժամկետ պահեստարաններից և տեղադրում այնպիսի կրիչների վրա, որոնք ընդունակ են միջուկային լիցքեր կրել։ Արդյունքում, տեղակայված միջուկային սպառազինությունների թվի աճ ենք արձանագրում»,- ընդգծել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը։
ԱՄՆ-ին և Ռուսաստանին միասին բաժին է ընկնում միջուկային զենքի համաշխարհային պաշարների մոտ 83%-ը. երկրներից յուրաքանչյուրն ունի ավելի քան 5000 մարտագլխիկ։ Երկու պետություններն էլ իրականացնում են իրենց զինանոցների արդիականացման ծավալուն ծրագրեր, սակայն բախվում են որոշակի դժվարությունների։
Ամերիկյան արդիականացման ծրագիրն առաջ է շարժվում, սակայն բախվում է «պլանավորման և ֆինանսավորման բարդությունների, ինչն, ըստ ամենայնի, կհանգեցնի հետագա ուշացումների և նախագծերի զգալի թանկացման», նշում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը։ Ռուսական ծրագիրն իր հերթին դժվարություններ է կրում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մի շարք անհաջող փորձարկումների ֆոնին, իսկ տնտեսական պատժամիջոցներն ու Ուկրաինայի հակամարտությանն առնչվող ծանրաբեռնվածությունը նույնպես իրենց ազդեցությունն են թողնում։
Source: https://news.am/hy/news/1042100