Չորս տարվա վերակառուցումից հետո Մեծ հադրոնային կոլայդերում (ՄՀԿ) լուսավորությունը, այսինքն՝ պրոտոնների բախումների ինտենսիվությունը, կավելանա 10 անգամ։ Այս մասին հայտարարել է ՄԻՖԻ-ի տարրական մասնիկների ֆիզիկայի ամբիոնի առաջատար գիտաշխատող Եվգենի Սոլդատովը, որը ռուսական կողմից CERN-ում աշխատելու փորձ ունի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհի ամենահզոր մասնիկների արագացուցիչը՝ Մեծ հադրոնային կոլայդերը (ՄՀԿ, կամ Large Hadron Collider, կրճատ՝ LHC), կանգնեցվել է չորս տարով։ Ինչպես հայտնել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունից (CERN), նրան սպասում է լայնածավալ արդիականացում, որը ներառում է բախվող պրոտոնային փնջերի ինտենսիվության մեծացում և հիմնական դետեկտորների փոխարինում։
Եվգենի Սոլդատովի խոսքով՝ արագացուցիչի չափերը չեն փոխվի, սակայն կուժեղացվեն հիմնական դետեկտորները՝ ALICE, CMS և ATLAS, ինչը նրանց թույլ կտա աշխատել բախումների ավելացված ինտենսիվության պայմաններում։ Կփոխարինվեն նաև գերհաղորդիչ մագնիսները, կհայտնվեն համակարգեր, որոնք կբարձրացնեն մասնիկների բախումների հաճախականությունը, փոխանցում է «Գիտական Ռուսաստան»-ը։
Խոսելով վերջին 18 տարիների ընթացքում ՄՀԿ-ի աշխատանքի արդյունքների մասին՝ Եվգենի Սոլդատովը նշել է, որ կոլայդերի աշխատանքի կարևոր արդյունքներից էր Հիգսի բոզոնի գոյության հաստատումը և այլ նոր մասնիկների հայտնաբերումը, որոնք նախկինում կանխատեսել էր Ստանդարտ մոդելը։ Ինչպես գիտեք, ատոմների միջուկները կազմված են պրոտոններից և նեյտրոններից, իսկ պրոտոններն ու նեյտրոնները՝ տարբեր քվարկներից։ Կոլայդերում պրոտոնների միմյանց հետ հսկայական արագություններով բախման արդյունքում ստացվել են բազմաթիվ մասնիկներ, որոնք կազմված են տարբեր քվարկներից, այդ թվում նաև շատ ծանրերից՝ օրինակ beauty-քվարկներից։
Վերակառուցումից հետո Մեծ հադրոնային կոլայդերում կատարվող փորձարկումների կարևոր խնդիր կդառնա Ստանդարտ մոդելի ընդլայնումը։ Պրոտոնների բախումների ինտենսիվության մեծացումն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի կուտակել ավելի մեծ վիճակագրություն, ավելի շատ իրադարձություններ և այդ ավելի մեծ վիճակագրության հիման վրա ստուգել արդեն հայտնի փոխազդեցությունները որևէ անոմալիաների կամ շեղումների առկայության համար։ «Օրինակ՝ մասնիկների ֆիզիկայի ժամանակակից տեսությունը՝ Ստանդարտ մոդելը, չի ներառում գրավիտացիան։ Աստղաֆիզիկոսները տիեզերքում տեսնում են մութ նյութի գոյության ապացույցներ, սակայն մենք դեռ նույնիսկ չգիտենք, թե այն ինչից պետք է կազմված լինի։ Սրանք հարցեր են, որոնք ֆիզիկոսները կփորձեն լուծել ապագայում», - պարզաբանում է Եվգենի Սոլդատովը։
Source: https://news.am/hy/news/1048167