Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը:
Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել:
Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
Նրա ընտանիքը պնդում էր, որ դատարանը հաշվի չի առել գործի հանգամանքները և Բլեյքլիի կողմից ֆիզիկական ու հուզական բռնության փաստը: Մասնավորապես, հարազատները հայտարարում էին, որ նա ծեծի է ենթարկել Էլիսին, ներառյալ՝ սպանությունից կարճ ժամանակ առաջ, երբ կինը որովայնին հասցված հարվածից հետո կորցրել էր երեխային:
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դևիդ Լեմին Համայնքների պալատին հայտնել է, որ թագավորը հավանություն է տվել Էլիսին պայմանական ներում շնորհելուն: Միաժամանակ, այս որոշումը չի նշանակում նրան սպանության մեջ անմեղ ճանաչել, այլ մահապատիժը փոխարինում է ցմահ ազատազրկմամբ, ինչը, ըստ իշխանությունների, արտացոլում է «խոր անարդարությունը» այս բացառիկ գործում:
Էլիսի թոռնուհին՝ Լորա Էնստոնը, հայտարարել է, որ այս որոշումը կարևոր քայլ էր իրենց տատիկի պատմության վերանայման համար ընտանիքի մղած 70-ամյա պայքարից հետո:
«Ռութը երկարատև և դաժան բռնության զոհ էր: Նրա մահապատժի ստվերը համակել էր երկու սերունդ: Մենք կրում էինք այն ամոթը, որը երբեք չպետք է մերը լիներ»,- ասել է նա:
Էլիսի գործը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի դատական գործընթացներից մեկը և հանրային քննարկումների ալիք բարձրացրեց, թե ինչպես է արդարադատության համակարգը հաշվի առել ընտանեկան բռնության հանգամանքները 1950-ական թվականներին: Մեծ Բրիտանիայում սպանության համար մահապատիժը չեղարկվել է 1965 թվականին:
Source: https://news.am/hy/news/1048682