Մեծ Մանչեստրի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը, որին համարում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հավանական իրավահաջորդը, հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում չի նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, հայտնում է Euronews-ը։

Նա այդ հայտարարություններն արել է Reddit հարթակի «Ask Me Anything» նստաշրջանի ընթացքում, որտեղ պատասխանել է ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի։

Բերնհեմը ընդգծել է, որ մտադիր է հավատարիմ մնալ Լեյբորիստական կուսակցության 2024 թվականի նախընտրական մանիֆեստին և չի ծրագրում նոր ընտրություններ հրավիրել մինչև սահմանված ժամկետը՝ 2029 թվականը։ Նա նաև նշել է, որ կուսակցության բազմաթիվ առանցքային պարտավորություններ արդեն իրականացվում են կամ գտնվում են կատարման փուլում։

Մեկնաբանելով արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Ուկրաինայի պատերազմը, նա հայտարարել է, որ «100%-ով» կշարունակի Կիևին ցուցաբերել նույն աջակցությունը, ինչ Քիր Սթարմերի գործող կառավարությունը՝ ընդգծելով հակամարտության նկատմամբ որդեգրված քաղաքական գծի շարունակականությունը։

Բերնհեմը նաև աջակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի ընտրական համակարգի բարեփոխման գաղափարին՝ նշելով, որ անհրաժեշտ է անցում կատարել գործող հարաբերական մեծամասնության համակարգից դեպի քվեարկության ավելի համամասնական մոդել։ Ըստ նրա, դա կարող էր նպաստել ավելի «համագործակցային քաղաքականությանը» և նվազեցնել կուսակցությունների միջև առճակատման մակարդակը։

Նա ընդգծել է, որ պատրաստվում է համոզել սեփական կուսակցությանը՝ համապատասխան փոփոխությունները ներառել ապագա նախընտրական ծրագրում։

Ավելի վաղ Բերնհեմը նաև հնարավոր էր համարել գործող մանիֆեստի շրջանակում սահմանափակ հարկային բարեփոխման հնարավորությունը, ներառյալ առանձին կորպորատիվ հարկերի վերանայումը, սակայն առանց եկամտահարկի, ազգային ապահովագրության և ԱԱՀ-ի վերաբերյալ հիմնական պարտավորությունները փոխելու։

Source: https://news.am/hy/news/1047768