ՆԱՏՕ-ի մի շարք խոշոր երկրներ արգելափակել են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ավելացնելու վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի նախաձեռնությունը, հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Ռյուտեն դաշնակիցներին առաջարկել էր Կիևին աջակցելու համար տարեկան հատկացնել ՀՆԱ-ի 0,25%-ը, սակայն դրան դեմ են արտահայտվել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Կանադան։ Միևնույն ժամանակ, դաշինքի անդամ առնվազն յոթ պետություն, որոնք արդեն իսկ օգնության համար ծախսում են իրենց ՀՆԱ-ի 0,25%-ից ավելին, պաշտպանել են այս գաղափարը։ Դրանց թվում են Նիդերլանդները, Լեհաստանը, ինչպես նաև Մերձբալթյան և Սկանդինավյան երկրները։ Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության հիման վրա։
Ռյուտեն ակնկալում էր Ուկրաինային լրացուցիչ աջակցություն տրամադրելու պլանը հաստատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հուլիսին Թուրքիայում։ Նախաձեռնության հավանության արժանանալու դեպքում տարեկան ռազմական օգնությունը կարող էր փաստացի եռապատկվել և կազմել 143 միլիարդ դոլար։ Ավելի վաղ նման հաշվարկ էր ներկայացրել նաև Politico-ն՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի երկրների համախառն ՀՆԱ-ի գնահատականի վրա։ Մինչ այս Ռյուտեն բազմիցս նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների միջև Կիևին տրամադրվող օգնությունը «անհավասարաչափ է բաշխված», և շատերը «բավարար չափով գումար չեն ծախսում, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային աջակցելուն»։ Դաշինքի ղեկավարն ընդգծել էր, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի այս հարցում և չապավինի ԱՄՆ-ին։
Ուկրաինային ՀՆԱ-ի 0,25%-ի չափով հատկացումներ անելու գաղափարն անցյալ տարվա ամռանն առաջին անգամ հնչեցրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ուկրաինան եվրոպական անվտանգության մասն է, և մենք ցանկանում ենք, որ կոնկրետ գործընկեր երկրի ՀՆԱ-ի 0,25%-ը հատկացվի մեր պաշտպանական արդյունաբերությանն ու հայրենական արտադրությանը»,- այն ժամանակ ասել էր Զելենսկին։
2025 թվականին Կիևը գործընկերներից ստացել է 45 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Այս գումարի մեջ ներառվել են Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնումները և ուկրաինական պաշտպանական ձեռնարկություններում արվող ներդրումները։ Ավելի վաղ Ռյուտեն նշել էր, որ Եվրոպան և Կանադան ամսական 1 միլիարդ եվրո են ծախսում PURL ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենք ձեռք բերելու նպատակով։ Այս մեխանիզմը գործարկվել է անցյալ տարվա ամռանը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է անհատույց օգնություն ցուցաբերել Կիևին։ Ծրագրի համաձայն՝ ուկրաինական կողմն ամեն ամիս կազմում է անհրաժեշտ սպառազինության ցուցակը, որն այնուհետև եվրոպացիները գնում են ԱՄՆ-ից։ Ռյուտեի խոսքով՝ 2026 թվականին եվրոպական երկրները մտադիր են 15 միլիարդ դոլարի զենք տրամադրել Կիևին։
Source: https://news.am/hy/news/1038047
World
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան մերժել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու ծրագիրը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։