Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ստացել է նոր կառավարությունը ձևավորելու մանդատ՝ թագավորի մոտ անցկացված խորհրդակցություններից հետո, որոնք երկրում հայտնի են որպես «թագավորական ռաունդ», հայտնել է DR-ը։

Նրա թեկնածությանը՝ որպես «թագավորական հետազոտողի», այսինքն՝ քաղաքական գործչի, որին հանձնարարվում է փորձել ձևավորել կոալիցիա, աջակցել են Սոցիալ-դեմոկրատների, Սոցիալիստական ժողովրդական կուսակցության, Արմատական Վենստրեի, «Այլընտրանքի», «Կարմիր-կանաչ դաշինքի» և «Չափավորների» կուսակցությունները։ Ընդհանուր առմամբ նրան աջակցել են խորհրդարանի 98 պատգամավորներ։

Այժմ Ֆրեդերիկսենը մտադիր է ձևավորել ձախակենտրոն կառավարություն՝ Սոցիալ-դեմոկրատների, «Չափավորների», Արմատական Վենստրեի և Սոցիալիստական ժողովրդական կուսակցության մասնակցությամբ։

Չորս կուսակցությունների միջև բանակցությունները կմեկնարկեն արդեն վաղը։ Սա կլինի ապագա հնարավոր կոալիցիայի բոլոր մասնակիցների առաջին համատեղ հանդիպումը։

Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ «հավատում է այս նախագծին» և մտադիր է բանակցությունները վարել ինտենսիվ ռեժիմով։

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում խիստ քննադատության է ենթարկվել «Չափավորներ» կուսակցության առաջնորդ Լարս Լոկե Ռասմուսենը։ Աջ և լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչները նրան մեղադրել են այլընտրանքային աջակենտրոն կոալիցիային աջակցելուց հրաժարվելու մեջ, որը մինչև վերջին պահը փորձում էր ձևավորել Տրոելս Լունդ Պոուլսենը։

«Դանիական դեմոկրատներ» կուսակցությունը Ռասմուսենի գործողություններն անվանել է «ցավոտ դավաճանություն» և հայտարարել, որ դրանով նա ցույց է տվել, որ իր համար առավել կարևոր են անձնական շահերը, ոչ թե քաղաքական սկզբունքները։

«Չափավորներ» կուսակցությունից մշակույթի նախարարի պաշտոնակատար Յակոբ Էնգել-Շմիդտը ընդունել է, որ կուսակցությանը չի հաջողվել հասնել ցանկալի կենտրոնամետ կառավարության ձևավորման, սակայն նշել է, որ ներկայիս տարբերակը մնում է «երկրորդ լավագույն սցենարը», քանի որ կենտրոնամետ ուժերը, միևնույն է, ներկայացված կլինեն կառավարությունում։

Միաժամանակ «Կարմիր-կանաչ դաշինքը», որը պետք է ապահովի ապագա կառավարության խորհրդարանական աջակցությունը, արդեն հասկացրել է, որ իր աջակցությունն անվերապահ չի լինելու։ Կուսակցության առաջնորդ Պելլե Դրագստեդը հայտարարել է, որ կոալիցիան ստիպված կլինի կուսակցության հետ համաձայնեցնել երկրի քաղաքական ուղեգիծը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի անվանումը նշանակություն չունի. կարևորն այն է, որ կուսակցությունը կարողանա ազդել կառավարության հիմնական որոշումների վրա։

Source: https://news.am/hy/news/1037829