Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է լարված և անկայուն։ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին հաղորդումները արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը․ շփումները կրում են ոչ կանոնավոր բնույթ և առայժմ արդյունք չեն տվել։ Միևնույն ժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է կրակի դադարեցման ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանը շարունակում է գտնվել ձգձգվող էսկալացիայի վիճակում, իսկ հետագա սրման ռիսկերը պահպանվում են։

NEWS.am-ը ներկայացնում է կիրակի առավոտվա դրությամբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների համառոտ ակնարկը։

• Իրանը կտրականապես հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե Իրանը առաջարկել է 10 տարով դադարեցնել ուրանի հարստացումը։

Tasnim լրատվական գործակալությանը տված զրույցում տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ «Al-Arabiya հեռուստաալիքի հաղորդումը, թե Իրանը առաջարկել է 10 տարով դադարեցնել 3,6 տոկոսից բարձր ուրանի հարստացումը, արմատապես սխալ է»։

• Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում ձգտում է միայն վերականգնել իր օրինական իրավունքները, սակայն ամերիկացիների հետ բանակցությունների անցյալ փորձը Թեհրանին ստիպում է գործել ծայրահեղ զգուշությամբ։

«Ամերիկան այս հակամարտությունում հաղթանակ չի տանի։ Լուրջ կորուստներ կկրեն տարածաշրջանի և ամբողջ աշխարհի երկրները»,- ասել է նա։ Իրանի նախագահի խոսքով՝ Իսրայելը միակ կողմն է, որը ձգտում է պատերազմով ապահովել տարածաշրջանում իր սեփական շահերը։

• ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի շրջանակում կբացվի Հորմուզի նեղուցը, Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ նա բանակցություններ է վարել Պարսից ծոցի երկրների, Թուրքիայի և Իսրայելի առաջնորդների հետ։

«Ներկայումս քննարկվում են գործարքի վերջնական ասպեկտներն ու մանրամասները, որոնց մասին կհայտարարվի շատ շուտով։ Համաձայնագրի բազմաթիվ այլ տարրերից բացի, կբացվի նաև Հորմուզի նեղուցը»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։

Source: https://news.am/hy/news/1037840