Լոս Անջելեսում, Petersen Automotive Museum-ում, բացվել է «World-Class: 100 Years of Mercedes-Benz» լայնածավալ ցուցահանդեսը՝ նվիրված «Mercedes-Benz» ապրանքանիշի հարյուրամյակին և Կարլ Բենցի առաջին ավտոմեքենայի՝ «Patent-Motorwagen»-ի 140-ամյակին, հայտնում է Jalopnik-ը։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 25-ը և կմիավորի տարբեր ժամանակաշրջանների 42 ավտոմեքենա, ինչպես նաև հազվագյուտ նախատիպեր, մրցարշավային մեքենաներ, արխիվային գովազդ և տեղեկատվական նյութեր, որոնք պատմում են ընկերության պատմության մասին։ Ցուցահանդեսի համադրող Շերվին Նախջավանին նշել է, որ նախագծի նպատակը «Mercedes-Benz»-ը ցույց տալն է ոչ միայն որպես շքեղ ավտոմեքենաների արտադրող, այլև որպես ամբողջ ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման վրա ազդած առանցքային բրենդներից մեկը։
Հետաքրքիր է, որ միայն չորս ավտոմեքենա է տրամադրել հենց «Mercedes-Benz»-ը, իսկ մնացածը ստացվել են մասնավոր հավաքածուներից և թանգարաններից։ Ցուցադրությունը կառուցված է որպես ժամանակագրական ճանապարհորդություն՝ ամենավաղ մշակումներից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այցելուները տեսնում են Patent-Motorwagen-ի կրկնօրինակը և 1902 թվականի Mercedes Simplex-ը, ինչպես նաև Daimler-ի և Benz-ի միավորումից հետո ստեղծված շրջանի վաղ մոդելները։
Դրանցից առանձնանում է 1928 թվականի «Mercedes-Benz S»-ը, որը համարվում է ապրանքանիշի առաջին սպորտային ավտոմեքենաներից մեկը՝ ընկերությունների միավորումից հետո։ Առանձին հատված նվիրված է նախապատերազմյան ինժեներական մտքին և 1930-ականների շքեղ ավտոմեքենաներին։ Այստեղ ներկայացված են հազվագյուտ Mercedes 540K մոդելներ, այդ թվում՝ կաբրիոլետը, որը «Erdmann & Rossi» ատելյեն ստեղծել է ամերիկացի ժառանգորդուհի Բարբարա Հաթոնի պատվերով, ինչպես նաև հազվագյուտ «Autobahnkurier»-ը և բարձր արագության փորձարկումների համար ստեղծված փորձարարական «Stromlinienwagen»-ը։
Այս ավտոմեքենաները ցույց են տալիս «Mercedes»-ի վաղ շեշտադրումը աերոդինամիկայի, ինժեներական բարդության և անհատական պատվերի վրա։ Զգալի տեղ են զբաղեցնում նաև մրցարշավային մեքենաները։ Դրանց թվում են նախապատերազմյան Mercedes-Benz W154-ը՝ իր ժամանակի ամենահաջող բոլիդներից մեկը, ինչպես նաև ավելի ուշ և ժամանակակից մրցարշավային մեքենաներ, ներառյալ «Sauber C9»-ը, «McLaren-Mercedes MP4/20»-ը և «CLK DTM»-ը։ Այս ցուցանմուշները ցույց են տալիս ապրանքանիշի զարգացումը ավտոսպորտում և նրա դերը Ֆորմուլա-1-ում ու C խմբի մրցարշավներում։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ճանապարհային նախատիպերն ու կոնցեպտները։
Դրանց թվում են վաղ 300SL «Hobel»-ը, որը դարձավ լեգենդար Gullwing-ի նախակարապետը, սերիական 300SL-ը, տանիք և դիմապակի չունեցող հազվագյուտ «SLR Stirling Moss»-ը, ինչպես նաև փորձարարական C111-ը և C112-ը։ Վերջինս համարվում է Mercedes-ի ամենակատարյալ կոնցեպտներից մեկը, որը, չնայած գնորդների մեծ հետաքրքրությանը, այդպես էլ սերիական արտադրության չհասավ։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև հայտնի սեփականատերերի և պատմական դեմքերի հետ կապված ավտոմեքենաներ, այդ թվում՝ Կլարկ Գեյբլի պատվերով ստեղծված «Mercedes 300Sc Cabriolet»-ը և Ուոլթ Դիսնեյի ընտանիքին պատկանած 300SL-ը։
Առանձին ուշադրություն են գրավում հազվագյուտ ներկայացուցչական մոդելները, օրինակ՝ սահմանափակ խմբաքանակով թողարկված և պետությունների ղեկավարների ու ազդեցիկ անձանց համար նախատեսված «Mercedes 600 Pullman Landaulet»-ը։ Ցուցահանդեսը ներկայացնում է «Mercedes-Benz»-ի էվոլյուցիան՝ վաղ տեխնիկական փորձարկումներից մինչև ժամանակակից սուպերքարեր և մրցարշավային տեխնոլոգիաներ։ Այն կառուցված է որպես ամբողջական պատմական պատում, որը ցույց է տալիս դիզայնի, ինժեներիայի և ապրանքանիշի կարգավիճակի զարգացումը ավելի քան մեկ դարի ընթացքում։
Source: https://news.am/hy/news/1037882
World
«Mercedes-Benz»-ի 100-ամյակը. բացվել է ավտոմոբիլային պատմության լեգենդները համախմբած ցուցահանդես
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։