Mercedes-AMG ապրանքանիշը որոշել է ապացուցել, որ էլեկտրականին անցումը պարտադիր չէ, որ նշանակի զգացմունքների կորուստ։ Նոր CLA 45-ը դարձել է AMG-ի «45» շարքի առաջին ամբողջությամբ էլեկտրական ներկայացուցիչը և համատեղում է սուպեր մեքենայի տպավորիչ դինամիկան ապագայի տեխնոլոգիաների հետ, գրել է Autocar-ը։
Նորույթը ստեղծվել է նրանց համար, ովքեր սովոր են հզոր բենզինային հոթ-հեթչերին, բայց այժմ պատրաստ են անցնել էլեկտրամոբիլի։ Mercedes-ի ինժեներները փորձել են պահպանել գլխավոր արժեքները՝ արագության զգացողությունը, կառավարելիությունն ու սպորտային բնավորությունը։
Էլեկտրական CLA 45-ի «կափարիչի տակ» ներքին այրման շարժիչ չկա։ Դրա փոխարեն աշխատում է երեք էլեկտրաշարժիչից բաղկացած բարդ համակարգ․ երկուսը տեղադրված են հետևի առանցքի վրա, իսկ մեկը՝ առջևում։ Ընդհանուր առմամբ դրանք զարգացնում են մինչև 671 ձիաուժ հզորություն և ապահովում լիաքարշակ համակարգ։
Հիմնական աշխատանքը կատարում են հետևի շարժիչները, իսկ առջևինը միանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լրացուցիչ քարշ՝ օրինակ, կտրուկ արագացման, մայրուղով արագ ընթացքի կամ սահուն ճանապարհի պայմաններում։ Այս սխեման նույնիսկ հնարավորություն է տվել ավելացնել հատուկ ռեժիմ՝ կառավարվող սահքի համար։
Չնայած ավելի քան երկու տոննա զանգվածին՝ ավտոմեքենան ընդունակ է 0-ից 100 կմ/ժ արագանալ ընդամենը 3 վայրկյանում։ Սա ավելի արագ է, քան բենզինային շարժիչներով AMG բազմաթիվ լեգենդար մոդելներ, և գրեթե համադրելի է էքստրեմալ Mercedes-AMG One հիպերքարի հետ։
CLA 45-ի առավելագույն արագությունը կազմում է մոտ 250 կմ/ժ, իսկ լրացուցիչ AMG Dynamic Plus փաթեթով կարող է աճել մոտավորապես մինչև 270 կմ/ժ։
Սակայն ավտոմեքենայի ամենաանսովոր առանձնահատկությունը վարելու զգացմունքային կողմը պահպանելու փորձն է։ Mercedes-ը ստեղծել է AMGForce համակարգը, որը նմանակում է բենզինային շարժչի աշխատանքը․ ավտոմեքենան վերարտադրում է շարժչի ձայնը, նմանակում փոխանցումների փոփոխությունը և նույնիսկ ավելացնում արագացման ժամանակ բնորոշ «պայթյուններ» ու ճարճատյուն։
Առջևի նստելատեղերի մեջ ներկառուցված են հատուկ վիբրաշարժիչներ, որոնք ստեղծում են իսկական շարժչի աշխատանքի զգացողություն։ Վարորդը կարող է ընտրել ավելի հանգիստ կամ ավելի ագրեսիվ ձայնային ռեժիմ։
Միևնույն ժամանակ, CLA 45-ը մնում է իսկական էլեկտրամոբիլ՝ 94 կՎտ·ժ տարողությամբ մեծ մարտկոցով։ Ընթացքի պաշարը հասնում է մինչև 670 կմ սեդանի դեպքում և մոտ 640 կմ՝ Shooting Brake տարբերակի համար։ Մինչև 330 կՎտ հզորությամբ արագ լիցքավորումը թույլ է տալիս լիցքը 10-ից 80 տոկոս հասցնել մոտ 22 րոպեում։
Ինժեներները նաև մշակել են մարտկոցի կառավարման խելացի համակարգ, որն օգնում է ավտոմեքենային պահպանել առավելագույն հզորությունն ակտիվ վարելու ընթացքում։ Էլեկտրոնիկան բաշխում է ծանրաբեռնվածությունն այնպես, որպեսզի մեքենան չգերտաքանա երկար արագընթաց հատվածներում։
Արտաքինից էլեկտրական AMG-ը սովորական CLA-ից տարբերվում է ավելի ագրեսիվ դիզայնով՝ լայնացված հետքով, հետևի մեծ դիֆուզորով, սպորտային անիվներով և ակտիվ սպոյլերով։ Սրահում հայտնվել են սպորտային բազկաթոռներ, հատուկ AMG ղեկ և սովորական հետևի բազմոցի փոխարեն չորս առանձին նստելատեղեր։
Նոր CLA 45-ի վաճառքները կսկսվեն հաջորդ տարի։
Source: https://news.am/hy/news/1049231