Մեքսիկացի հայտնի նարկոբարոն Խոակին Էլ Չապո Գուսմանի զարմիկը ձերբակալվել է Մեքսիկայում անցկացված հատուկ գործողության արդյունքում, երեքշաբթի հայտնել են անվտանգության մարմինների ներկայացուցիչները։

Կասկածյալը, որն ըստ տեղական օրենսդրության նույնականացվել է որպես Իսայ «Ն.», ձերբակալվել է հյուսիսային սահմանամերձ Սոնորա նահանգում։ ԱՄՆ իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել, X սոցիալական ցանցում հայտնել է անվտանգության գերատեսչության ղեկավար Օմար Գարսիա Հարֆուչը։

2017 թվականին մեքսիկական բանտերից երկու անգամ փախչելուց հետո ԱՄՆ արտահանձնված Էլ Չապոն այժմ ցմահ ազատազրկում է կրում Կոլորադո նահանգի խիստ ռեժիմի բանտում՝ բազմաթիվ մեղադրանքներով, դրանց թվում՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության և փողերի լվացման համար։

Այս ամսվա սկզբին դատական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ Էլ Չապոն դիմել է ամերիկյան դատական իշխանություններին՝ իրեն հայրենիք վերադարձնելու խնդրանքով՝ վկայակոչելով «դաժան պատիժը»։ «Սինալոա» տխրահռչակ կարտելի համահիմնադիրը բանտից գրած նամակներում նախկինում բազմիցս բողոքել է լիակատար մեկուսացումից, խցում պահման վատ պայմաններից և ընտանիքի հետ տեսակցությունների բացակայությունից։

Էլ Չապոն պահվում է Կոլորադո նահանգի Ֆլորենս քաղաքի «Սուպերմաքս» (ADX Florence) առավելագույն խիստ ռեժիմի բանտում։

Source: https://news.am/hy/news/1038653