Մեքսիկայի իշխանությունները հայտնաբերել են լրագրողուհի Ռոքսանա Գուսմանի մարմինը, որին զինված անձինք առևանգել էին հունիսի սկզբին Վերակրուս նահանգում, հայտնում է AFP-ն՝ հղում անելով նահանգի դատախազությանը։

Քննության տվյալներով, պետական համազգեստ հիշեցնող համազգեստով երկու զինված տղամարդ ներխուժել են լրագրողուհու տուն և առևանգել նրան։ Հարձակման պահը ֆիքսվել է տեսահսկման խցիկով։

Ռոքսանա Գուսմանի մարմինը հայտնաբերվել է Վերակրուս նահանգի տներից մեկում, որտեղ նա ապրում և աշխատում էր։ Գործի շրջանակում ձերբակալվել է ութ մարդ, որոնց մեղադրանք է առաջադրվել սպանության համար, այդ թվում՝ մունիցիպալ ոստիկանության չորս աշխատակիցների։

Ինչպես հայտարարել են դատախազությունում, ոստիկանները «տրամադրում էին ռեսուրսներ, սնունդ և լոգիստիկ աջակցություն հանցավոր խմբի գործունեությանը», որը առնչություն ունի լրագրողի առևանգման հետ։

Ռոքսանա Գուսմանը տեղական թվային լրատվական պարբերականի ղեկավարն էր։ Տարեսկզբից ի վեր Վերակրուս նահանգում սպանվել են ևս երկու լրագրող։

Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողը դատապարտել է հանցագործությունը և կոչ արել իշխանություններին շարունակել հետաքննությունը։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Ռոքսանա Գուսմանի սպանությունը «կրկին ցույց է տալիս իշխանությունների անկարողությունը՝ ապահովելու մամուլի ներկայացուցիչների պաշտպանությունը», և պահանջել է բացատրել, թե ինչու չի հաջողվել լրագրողին կենդանի գտնել։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատմամբ, Մեքսիկան շարունակում է մնալ լրագրողների աշխատանքի համար աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը։

Source: https://news.am/hy/news/1047801