Մեքսիկայի կառավարությունը մտադիր է ԱՄՆ-ում քրեական հայցեր ներկայացնել միգրանտների պահման կենտրոններում կամ ամերիկյան Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) գործողությունների ժամանակ Մեքսիկայի քաղաքացիների մահվան փաստերով, հինգշաբթի հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Ռոբերտո Վելասկոն, հաղորդում է Reuters-ը:
Ըստ նրա՝ Մեքսիկայի 14 քաղաքացի մահացել է ICE-ի վերահսկողության տակ եղած ժամանակ, ևս երեքը մահացել է նրանց ձերբակալման գործողությունների ընթացքում:
«Մենք դուրս կգանք դիվանագիտական ոլորտի սահմաններից և այս դեպքերով բողոքներով ուղղակիորեն կդիմենք ամերիկյան դատախազներին՝ պահանջելով դրանք հետաքննել որպես քրեական գործեր»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վելասկոն:
Նոր մեղադրանքների առիթ է դարձել 52-ամյա մեքսիկացի Լորենսո Սալգադո Արաուխոյի մահը, որը շուրջ 30 տարի առանց օրինական կարգավիճակի բնակվում էր ԱՄՆ-ում: Երեքշաբթի միգրացիոն գործողության ժամանակ նրան գնդակահարել էր ICE-ի աշխատակիցը:
Նրա մահը բողոքի ակցիաներ է առաջացրել Հյուսթոնում և, մեքսիկական իշխանությունների տվյալներով, դարձել է ամերիկյան միգրացիոն ծառայությունների գործողությունների հետևանքով մարդու մահվան առնվազն վեցերորդ դեպքը 2025 թվականի հունվարից ի վեր՝ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից և անօրինական միգրանտների արտաքսման լայնածավալ արշավի մեկնարկից հետո:
Source: https://news.am/hy/news/1048964