Մեքսիկայի կառավարությունը կտրականապես հերքել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) ղեկավար Թերի Քոուլի հայտարարություններն այն մասին, թե իբր Մեքսիկայի իշխանությունները որոշակի կապեր ունեն կազմակերպված հանցավորության հետ։ Այս մասին ասվում է լատինամերիկյան երկրի ուժային կառույցների համատեղ տեղեկատվական հայտարարագրում։

«Արձագանքելով ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ղեկավար Թերի Քոուլի պնդումներին, թե իբր Մեքսիկայի կառավարությունն ու կարտելները «փոխկապակցված» են, հարկ ենք համարում պարզաբանել, որ այդ հայտարարություններն օդից կախված են և կապ չունեն իրականության հետ։ Դրանք հերքվում են հանցավոր խմբավորումների դեմ մեր պայքարի փաստացի արդյունքներով, որոնք հրապարակային են և հեշտությամբ ստուգելի»,- նշվում է փաստաթղթում։

Իշխանությունները հիշեցրել են, որ երկրի ազգային անվտանգության ռազմավարությունը հիմնված է «զրոյական անպատժելիության» քաղաքականության վրա։ Ապացուցելու համար, որ հանցագործները որևէ հովանավորչություն չեն վայելում, պաշտոնական հաղորդագրության մեջ փաստեր են բերվում ավելի քան 80 գործող ու նախկին պետական պաշտոնյաների, այդ թվում՝ յոթ քաղաքապետերի ձերբակալության մասին։ Բացի այդ, նշվում է, որ գործող վարչակազմի՝ 2024 թվականի հոկտեմբերին իշխանության գալուց ի վեր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը առգրավվել է գրեթե 500 տոննա թմրամիջոց և ֆենտանիլի ավելի քան 5,5 միլիոն դեղահաբ։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում երկրում դիտավորյալ սպանությունների օրական միջին ցուցանիշը նվազել է 48%-ով։

Ավելի վաղ ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ղեկավար Թերի Քոուլն ընդգծել է, որ գերատեսչությունն իր ողջ ուժն ուղղում է կարտելների և ամերիկացիներին թունավորելուց գումար ստացողների դեմ պայքարին։ «Դա վերաբերում է նաև կարտելների ցանցերի ու Մեքսիկայի կառավարության միջև առկա մահաբեր կապին»,- պնդել է Քոուլը։ Նրա խոսքով՝ կարտելներն ու հանրապետության իշխանություններն «անբաժանելի են», և իր ղեկավարած կառույցի համար դրանք «թիվ մեկ առաջնահերթությունն են»։

Source: https://news.am/hy/news/1049906