Սերբիայի Ժողովրդական սկուպշտինայի նախագահը և երկրի նախկին վարչապետ Աննա Բռնաբիչը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բելգրադը Ռուսաստանի դաշնակիցը չէ, ինչպես դա հաճախ պնդում են Արևմուտքում, և լայնածավալ պատերազմի սկզբից Ուկրաինային ցուցաբերել է ավելի քան 60 մլն եվրոյի օգնություն։
Բռնաբիչը ընդգծել է, որ 2022 թվականի փետրվարից Սերբիան Ուկրաինային տրամադրել է ֆինանսական և հումանիտար օգնություն, թեև զենք չի մատակարարել։
«Մենք Արևմտյան Բալկանների միակ երկիրն էինք, որը ձմռան ամենածանր ամիսներին Ուկրաինային մատակարարում էր էներգետիկ սարքավորումներ, գեներատորներ և պահեստամասեր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք շուկայում հնարավոր չէր գնել, մենք դրանք ուղարկում էինք մեր սեփական պահուստներից։ Այսպես Սերբիայի և Ուկրաինայի միջև ձևավորվեցին շատ սերտ կապեր», — ասել է նա։
Ըստ Բռնաբիչի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մշտական կապի մեջ են, իսկ ինքը պարբերաբար շփվում է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։
Պատասխանելով Բելգրադի ռուսամետ դիրքորոշման վերաբերյալ մեղադրանքներին՝ նախկին վարչապետը հայտարարել է, որ նման գնահատականները հիմնված են կարծրատիպերի վրա։
«Մենք՝ սերբերս, «փոքր ռուսներ» չենք։ Սերբիան անկախ և ինքնիշխան պետություն է՝ գրեթե հազարամյա պատմությամբ։ Այո՛, մենք ավանդաբար լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց դրանք զերծ չեն տարաձայնություններից։ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Սերբիային՝ ՄԱԿ-ում Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դատապարտող քվեարկության, ինչպես նաև Ուկրաինային մեր ցուցաբերած օգնության համար», — նշել է Բռնաբիչը։
Նա նաև քննադատել է Սերբիայի անդամակցության շուրջ բանակցություններին Եվրամիության մոտեցումը՝ հայտարարելով, որ Բելգրադը բախվում է ավելի խիստ պահանջների, քան թեկնածու մյուս երկրները։
Որպես օրինակ Բռնաբիչը բերել է ԵԱՀԿ ԺԻՄԻԳ-ի առաջարկությունները ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ։ Նա նշել է, որ Սերբիայից պահանջել են կատարել բոլոր առաջարկությունները՝ բանակցությունների նոր կլաստեր բացելու համար, մինչդեռ թեկնածու մյուս պետություններից դա չեն պահանջել։
«Սրանք երկակի ստանդարտներ են, որոնք մեզ համար դժվար է բացատրել մեր քաղաքացիներին, և դրանք խարխլում են վստահությունը Եվրամիության նկատմամբ», — ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ Բռնաբիչը հավաստիացրել է, որ Բելգրադը դեռևս դիտարկում է ԵՄ անդամակցությունը որպես ռազմավարական նպատակ և մտադիր է շարունակել անդամակցության շուրջ բանակցությունները։
Source: https://news.am/hy/news/1047942