«Մենք կհայտարարենք 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագրի մասին, որն ուղղված է խաղաղության խթանմանը»։ Դրա մասին Բաքվում մամուլի համար արված հայտարարության մեջ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հարցը, որին ես կցանկանայի այսօր անդրադառնալ, խաղաղության խթանմանն ուղղված 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագրի մասին հայտարարությունն է։ Մենք միասին ցանկանում ենք օգնել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, հասնել նրան, որ խաղաղության առավելությունները տեսանելի և շոշափելի լինեն սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց ամենօրյա կյանքում։
Մենք, օրինակ, ներդրումներ կկատարենք բժշկական ծառայությունների բարելավման գործում՝ շտապօգնության մեքենաների ձեռքբերման միջոցով։ Անվտանգության ապահովման նպատակով ուշադրություն կդարձնենք ականազերծման աշխատանքներին։
Մենք միջոցներ կներդնենք ուժեղ տեղական համայնքների ձևավորման գործում՝ գյուղական շրջանների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, ճշգրիտ երկրագործության և այլ ուղղությունների միջոցով։ Բնականաբար, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցությունը ևս կդառնա այս ծրագրի կարևոր մասը»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Source: https://news.am/hy/news/1047200