«Մեկը մյուսին անպատվում է, դա քարոզարշավ չէ։ Թե՛ ՔՊ–ն, թե՛ մյուսները վիրավորում են իրար, չես հասկանում՝ քարոզարշավ են անու՞մ, թե միմյանց անպատվելու համար են դուրս գալիս։ Քարոզարշվան այն է, որ մարդիկ լսեն բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Քոչարի ազգային վերածնունդ եվ ազգի զարթոնք» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Սարգսյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավը։
Սարգսյանը նշեց՝ հաշվի առնելով քարոզարշավի նման ընթացքը, մտավախություններ ունի, որ ընտրությունների օրը և դրանից հետո կարող են բախումներ լինել։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կուսակցության շանսերը, Արման Սարգսյանը պատասխանեց․
«Մենք գնում ենք հաղթանակի։ Քաղաքացիների հետ շփումները, մեդիան շատ ճանաչելություն է տվել մեր կուսակցությանը»։
Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ առաջիկա ընտրություններով Հայաստանում իշխանությունը փոխվի, պատգամավորի թեկնածուն պատասխանեց․
«Իշխանությունը եթե վստահ լիներ, որ կարող է վերընտրվել, մի տարի առաջ քարոզարշավ չէր սկսի, դռնից դուռ չէր ընկնի, ձայն չէր հավաքի, էս վախի մթնոլորտը չէր ստեղծի»։
Նշենք , որ «Քոչարի ազգային վերածնունդ եվ ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածուն Արտակ Սարգսյանն է։ Ընտրական ցուցակը կազմված է 88 անձից։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կկայանան Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն, 2՝ դաշինք։ Նախընտրական քարոզարշավը կավարտվի վաղը՝ հունիսի 5-ին։
Source: https://news.am/hy/news/1040991