Եվրոպական միությունը, քաղաքականացնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական գործընթացները, փորձում է Երևանին պոկել Մոսկվայից՝ ի վնաս երկրների ազգային շահերի և դարավոր կապերի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։
«Ռուսաստանը չի «ճնշում», այլ պաշտպանում է իր ապրանքային շուկաները։ Եվ Եվրոպայի կողմից տնտեսական գործընթացների բացահայտ քաղաքականացումն ընդգծված հակառուսական երանգով բացահայտում է բրյուսելյան «ժողովրդավարացնողների» իրական նպատակը՝ առավելագույնս պոկել Հայաստանը մեր երկրից՝ ի վնաս նրա ազգային շահերի և դարավոր պատմական կապերի»,- գրել է Սլուցկին X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը՝ ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով երկրին 50 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ։
Նա հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաղերը» Եվրոպայի հետ «ուղղակի զուգահեռներ են ստեղծում ուկրաինական «Մայդանի» և ուկրաինական խունտայի կողմից ժողովրդի շահերի դավաճանության հետ»։
Նրա խոսքով՝ հայկական տնտեսության մեծ մասն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ, մինչդեռ Եվրոպայում Երևանի համար գրեթե չկան սպառման շուկաներ։
«Փաշինյանը զբաղվում է քաղաքական խաղերով ու շահարկումներով սեփական աթոռը պահպանելու, այլ ոչ թե երկրի բարօրության համար։ Այո, և Եվրոմիությունը պատրաստ չէ իրական ծախսեր ստանձնել հանուն Հայաստանի։ Միայն գազի արժեքի տարբերության ծածկումը, փորձագետների հաշվարկներով, կպահանջի տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար։ Եվ դա համաեվրոպական ճգնաժամի և Ռուսաստանի դեմ պրոքսի-պատերազմի ֆինանսավորման ֆոնին։ Ռուսատյացության առևտուրը, ակնհայտորեն, թանկ է նստելու»,- հայտարարել է Սլուցկին։
Source: https://news.am/hy/news/1040999