ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման ազգին հղած ուղերձներով են հանդես եկել Անկախության օրվա 250-ամյակի կապակցությամբ, որը նշվում է հուլիսի 4-ին։ Նրանք անդրադարձել են երկրի պատմությանն ու արժեքներին, ինչպես նաև անուղղակիորեն շոշափել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք առկա քաղաքական իրավիճակը, հաղորդում է ABC News-ը։

Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ դեմոկրատ Բիլ Քլինթոնը նշել է, որ երկիրը հոբելյանը նշում է «խոր տարաձայնությունների հերթական շրջանի, Ամերիկայի ապագայի և աշխարհում նրա դերի վերաբերյալ նոր հարցերի, ինչպես նաև ինստիտուտների և ժողովրդավարության համար լուրջ սպառնալիքների» պայմաններում։ Նա նաև, առանց ուղղակիորեն անուն տալու, քննադատել է գործող վարչակազմին՝ հիշատակելով «իշխանության մեջ գտնվող մարդկանց» և մտահոգություն հայտնելով միգրացիոն քաղաքականության ու Իրանի հետ հակամարտության նկատմամբ մոտեցման վերաբերյալ։

Քլինթոնը ընդգծել է, որ ամերիկյան պատմության գլխավոր դասերից մեկը շարունակում է մնալ «ավելի կատարյալ միություն» ստեղծելու ձգտումը՝ հավելելով. «Ամերիկայում չկա այնպիսի բան, որը հնարավոր չլինի բուժել այն ամենով, ինչ այնտեղ ճիշտ է»։

Բարաք Օբաման ևս զարգացրել է ամերիկյան ժողովրդավարության ոչ ավարտուն բնույթի թեման՝ ԱՄՆ-ն անվանելով «երկիր, որը մշտապես գտնվում է կայացման գործընթացում»։ Իր նախագահական կենտրոնից արված տեսաուղերձում նա ընդգծել է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները՝ քաղաքացիների հավասար արժանապատվությունը, օրենքի գերակայությունը, զսպումների և հակակշիռների համակարգը, դատական իշխանության անկախությունը և իշխանության խաղաղ փոխանցումը։

Ջորջ Բուշ կրտսերն իր ուղերձում շեշտը դրել է քաղաքացիական պատասխանատվության վրա։ Նա հայտարարել է, որ հաջորդ 250 տարիները կպահանջեն, որպեսզի ամերիկացիները լինեն «քաղաքացիներ, ոչ թե դիտորդներ»։

NBC-ին տված հարցազրույցում նա հավելել է, որ ժողովրդավարությունը «ինքնակարգավորվող համակարգ» է, քանի որ քաղաքացիները կարող են ընտրությունների միջոցով արտահայտել իրենց կարծիքը, եթե դժգոհ են երկրի ընթացքից։

Source: https://news.am/hy/news/1047967