ԱՄՆ դաշնային և տարածաշրջանային իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ալյասկա նահանգից Սենատի թեկնածուի նախընտրական արշավի կապակցությամբ, որը կրում է նույն անունը, ինչ գործող հանրապետական սենատորը։ Քննիչները ստուգում են ընտրողներին մոլորության մեջ գցելու նպատակով հնարավոր դավադրության վարկածը, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին։

Խոսքը Դեն Սալիվանի մասին է՝ նախկին դպրոցական ուսուցչի, որն իր թեկնածության առաջադրման մասին հայտարարել էր մայիսին և վերջերս գրանցվել որպես հանրապետական։ Նա պնդում է, որ լիարժեք քարոզարշավ է վարում գործող սենատոր Դեն Ս. Սալիվանի դեմ, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից։

Սակայն ինքը՝ սենատորը, և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ անվանակցի հայտնվելը նպատակ ունի շփոթեցնել ընտրողներին և ձայներ տանել հօգուտ դեմոկրատների թեկնածու Մերի Պելտոլայի։

Այս շաբաթ Ալյասկայի Գերագույն դատարանը վճռեց, որ Դեն Սալիվանը կարող է մնալ օգոստոսյան փրայմերիզների քվեաթերթիկում։ Ավելի վաղ նահանգի ընտրական հանձնաժողովը հանել էր նրա թեկնածությունը՝ հայտարարելով, որ նա առաջադրվել է ընտրողներին «շփոթեցնելու կամ մոլորեցնելու նպատակով»։

NBC News-ի տվյալներով՝ հետաքննությունն իրականացնում են Հետաքննությունների դաշնային բյուրոն, Ալյասկայի շրջանի ԱՄՆ դատախազությունը և նահանգի գլխավոր դատախազությունը։ Քննությունը պարզում է՝ արդյո՞ք Դեն Սալիվանի նախընտրական շտաբը ստեղծվել է մի դավադրության շրջանակում, որն ուղղված է եղել գործող սենատորի աջակցության նվազեցմանը և ընտրություններում Մերի Պելտոլայի հնարավորությունների մեծացմանը։

Աղբյուրների տեղեկություններով՝ դաշնային մակարդակում ուսումնասիրվում է այս գործողությունները որպես կապի միջոցների օգտագործմամբ խարդախություն, ինչպես նաև Ալյասկայի բնակիչներին ազատ ու արդար ընտրությունների իրավունքից զրկելուն ուղղված դավադրություն որակելու հնարավորությունը, ինչը կարող է դիտարկվել որպես քաղաքացիական իրավունքների խախտում։

Ընդ որում, դեռևս պարզ չէ, թե ում կարող են մեղադրանքներ առաջադրվել, և արդյոք հետաքննությունը կազդի առաջիկա ընտրությունների վրա։

Մերի Պելտոլայի շտաբի ներկայացուցիչը հերքել է մյուս Դեն Սալիվանի նախընտրական արշավի հետ որևէ կապ ունենալու մեղադրանքները՝ հայտարարելով, որ թեկնածուն կենտրոնացած է իր նախընտրական ծրագրի և ընտրողների հետ աշխատանքի վրա։

Ինքը՝ Դեն Սալիվանը, նույնպես նախկինում հերքել էր փոխհամաձայնեցումը Պելտոլայի, Ալյասկայի Դեմոկրատական կուսակցության կամ ազգային դեմոկրատական ստրատեգների հետ։

Ալյասկայում Սենատի ընտրությունները համարվում են առանցքայիններից մեկը ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ վերահսկողության համար մղվող պայքարում։ Օգոստոսի 18-ի փրայմերիզների արդյունքներով՝ առավելագույն թվով ձայներ հավաքած չորս թեկնածուները, անկախ կուսակցական պատկանելությունից, դուրս կգան նոյեմբերյան ընտրություններ, որտեղ հաղթողը կորոշվի վարկանիշային քվեարկության համակարգով։

Source: https://news.am/hy/news/1047487