ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Իրանի վրա հարձակման ընթացքում, որի հետևանքով զոհվել են երկրի ղեկավարության ներկայացուցիչներ և քաղաքացիական անձինք, չեն կարող արդարացվել, հաղորդում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ հարված հասցնելու համար ռազմական կամ այլ լուրջ առիթ չի եղել՝ Միացյալ Նահանգների գործողությունները անվանելով «բացարձակապես չսադրված»։
«Ամերիկյան հարձակման համար որևէ լուրջ պատճառ չի եղել։ Այլ կերպ ասած, Ամերիկայի Միացյալ Նահանգների նման ագրեսիվ գործողությունները բացարձակապես չսադրված էին… Զոհվել է Իրանի ողջ ղեկավարությունը՝ ներառյալ գերագույն առաջնորդը։ Զոհվել են մեծ թվով քաղաքացիական անձինք, դպրոցականներ։ Այս ամենը, իհարկե, պատիվ չի բերում նրանց, ովքեր նման որոշումներ են ընդունել», — ասել է Մեդվեդևը լրագրողներին։
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի համոզմամբ, նման գործողությունները չեն կարող արդարացվել և միջազգային պատասխանատվության տեսանկյունից լուրջ հարցեր են առաջացնում։
Մեդվեդևը ուրբաթ օրը գտնվել է Իրանում, որտեղ մասնակցել է հանրապետության նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Հիշեցնենք, որ Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այդ ժամանակ հրաժեշտի արարողությունը հետաձգվել էր շարունակվող հարվածների և ենթակառուցվածքների նախապատրաստման անհրաժեշտության պատճառով։
Source: https://news.am/hy/news/1047785