Կանադայի վարչապետ Մարկ Քարնին երկուշաբթի խստորեն քննադատել է երկրի մնացած մասից հնարավոր անջատման հարցով քվեարկություն անցկացնելու Ալբերտա նահանգի ծրագրերը։ Վարչապետը հայտարարել է, որ թեև այս հանրաքվեն պարտադիր իրավաբանական ուժ չի ունենա, այն կարող է վերածվել «վտանգավոր բլեֆի»՝ հավելելով, որ նման հարցերի բուն առաջադրումը «բացարձակապես ապակառուցողական է», հաղորդում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ նավթով հարուստ Ալբերտայի իշխանությունները հայտարարեցին, որ այս տարվա հոկտեմբերին խորհրդատվական հանրաքվե կանցկացնեն՝ պարզելու համար, թե արդյոք բնակիչները ցանկանում են մնալ Կանադայի կազմում։
Մարկ Քարնին, որը գլխավորում էր Անգլիայի բանկը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակաշրջանում, ուղիղ զուգահեռ է անցկացրել տասը տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։
«Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչ եղավ Միացյալ Թագավորությունում… Արդեն 10 տարի է անցել, իսկ նրանք դեռ փորձում են հաղթահարել այն բանի հետևանքները, ինչի օգտին մարդիկ, ինչպես իրենց էր թվում, նույնիսկ չէին էլ քվեարկել, բայց արդյունքում ստացան դա»,- ընդգծել է Քարնին։
Հոկտեմբերին Ալբերտայի բնակիչները պետք է պատասխանեն այն հարցին. պե՞տք է արդյոք նահանգը մնա Կանադայի կազմում, թե՞ կառավարությունը պետք է սկսի սահմանադրական ընթացակարգ, որն անհրաժեշտ է ապագայում անկախության վերաբերյալ լիարժեք, իրավաբանորեն պարտադիր հանրաքվե անցկացնելու համար։
«Արդյո՞ք օգտակար է նման հիմնարար հարցեր տալը։ Ոչ, իհարկե ոչ,- հայտարարել է Քարնին լրագրողներին։ - Արդյո՞ք դա արտահայտում է Ալբերտայի բնակիչների ժողովրդավարական կամքը։ Նրանք քվեարկե՞լ են դրա օգտին նահանգային նախորդ ընտրություններում։ Ոչ, չեն քվեարկել»։
Անջատման կողմնակիցներն իրենց քայլը բացատրում են Քարնիի նախորդի՝ Ջասթին Թրյուդոյի բնապահպանական քաղաքականությունից դժգոհությամբ։ Նրանց կարծիքով՝ նախկին կառավարության «կանաչ կուրսը» լուրջ վնաս է հասցրել նահանգի նավթագազային ոլորտին։ Եվ դա այն դեպքում, երբ 2025 թվականի մարտին վարչապետի պաշտոնն ստանձնած Քարնին արդեն իսկ չեղարկել է Թրյուդոյի մի շարք բնապահպանական նախաձեռնություններ։
Կառավարության ղեկավարը զգուշացրել է տեղական քաղաքական գործիչներին՝ զերծ մնալ հանրաքվեն որպես Օտտավայի վրա ճնշում գործադրելու գործիք օգտագործելու փորձերից։ «Սա իրական փորձի վրա հիմնված դիտարկում է։ Անջատողականության հարցերում հաճախ առաջ է մղվում հետևյալ թեզը. «Քվեարկեք դրա օգտին, դա ձեզ ոչնչի չի պարտավորեցնում, բայց փոխարենը կամրապնդի մեր դիրքերն ապագա բանակցություններում»։ Ուրեմն՝ սա ծայրահեղ վտանգավոր բլեֆ է»,- եզրափակել է վարչապետը։
Source: https://news.am/hy/news/1038285
World
Մարկ Քարնին «վտանգավոր բլեֆ» է անվանել Կանադայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ալբերտայի ծրագրերը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։