Մարկ Ցուկերբերգը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա 300 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը էֆեկտիվ կերպով մտավ Սիեթլի նավահանգիստ հենց այն օրը, երբ Meta կորպորացիան հաստատեց իր տեղական մասնաճյուղում շուրջ 1400 աշխատակցի կրճատման մասին լուրը։

118-մետրանոց «Launchpad» («Մեկնարկային հարթակ») անվանումով նավը դիմավորել են սուլոցներով և անխրախուսական բացականչություններով, երբ այն կայանել է Սիեթլի Բալլարդ թաղամասում։ Ինչպես հայտնում է GeekWire պարբերականը, զայրացած ականատեսներից մեկը բղավել է, որ միլիարդատերը պետք է «վճարի իր անիծյալ հարկերը»։ Ինքը՝ Ցուկերբերգն, ամենայն հավանականությամբ, նավի վրա չի եղել։

Համացանցի օգտատերերը կոշտ քննադատության են ենթարկել տեխնոլոգիական մագնատին այն բանի համար, որը շատերը որակել են որպես բացարձակապես անտեղի և ցինիկ շքեղության ցուցադրություն՝ նրա աշխատակիցների համար ծանր ժամանակներում։

«Եվս մեկ «տեխնո-բրո», որը բացարձակապես չգիտի, թե ինչպես գնահատել իրավիճակը»,- գրել է օգտատերերից մեկը X սոցցանցում։

Ըստ աշխատանքից ազատման պաշտոնական ծանուցման (WARN notice), որը երեքշաբթի ներկայացվել էր Քինգ շրջանում (Վաշինգտոն նահանգ), Meta-ն տարածաշրջանում կրճատել է ընդհանուր առմամբ 1395 աշխատատեղ։

«Ցուկերբերգի նավակը Սիեթլ է ժամանում հենց այն օրը, երբ Meta-ն այդ տարածաշրջանում կրճատում է իր անձնակազմի 20%-ը։ Նման բան դիտմամաբ էլ ուզես հնարել, չես կարող»,- մեկնաբանել է X-ի մեկ այլ օգտատեր՝ կցելով հսկայական նավի լուսանկարները։

Այս կրճատումները դարձել են կորպորացիայի ներսում իրականացվող գլոբալ «մաքրման» մաս, որի ընթացքում Ցուկերբերգն ընկերության անձնակազմից կրճատել է 8000 աշխատատեղ, ևս 7000 աշխատակցի տեղափոխել է արհեստական բանականության զարգացման հետ կապված պաշտոնների։

Source: https://news.am/hy/news/1038951