Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ մտադիր է 2027 թվականին առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում՝ չնայած երեքշաբթի միջոցների վատնման գործով իր նկատմամբ կայացված դատավճռին, հայտնում է Associated Press-ը:

Դատարանը քաղաքական գործչին պարտավորեցրել է էլեկտրոնային թևնոց կրել, սակայն նա ակնկալում է խուսափել այդ միջոցի կիրառումից՝ հետագա բողոքարկման շնորհիվ։

57-ամյա Լը Պենը հայտնել է, որ վճռաբեկ բողոք կներկայացնի Ֆրանսիայի բարձրագույն դատական ատյան՝ Վճռաբեկ դատարան։ Նրա գնահատմամաբ՝ դա ավտոմատ կերպով կկասեցնի պատժի կրումը, որը մեկ տարի ժամկետով էլեկտրոնային թևնոցի կրում է նախատեսում։

«Ուստի ես նախընտրական արշավը կվարեմ առանց էլեկտրոնային թևնոցի։ Այսօր երեկոյան ես նախագահական ընտրությունների թեկնածու եմ»,- հեռուստահարցազրույցում հայտարարել է Լը Պենը։

Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը կրճատել էր ընտրություններին մասնակցելու արգելքի ժամկետը, որը նախորդ տարի նրա նկատմամբ սահմանել էր առաջին ատյանի դատարանը։ Հինգ տարվա փոխարեն սահմանափակումը կազմել է 45 ամիս, ընդ որում՝ ժամկետի երկու երրորդը սահմանվել է պայմանականորեն։ Քանի որ Լը Պենն արդեն կրել է արգելքի 15 ամիսը, դա փաստացիորեն վերացնում է նախագահական արշավին նրա մասնակցության խոչընդոտները։

Միաժամանակ, դատարանը պահպանել է էլեկտրոնային մոնիթորինգի ձևով պատիժը։ Նախկինում քաղաքական գործիչը պնդում էր, որ էլեկտրոնային թևնոցով լիարժեք նախընտրական արշավ վարելն անհնար է, սակայն այժմ վստահություն է հայտնել, որ վճռաբեկ բողոքը հնարավորություն կտա խուսափել այդ միջոցից։

Լը Պենը նաև հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ «Իմ ձեռքերը մաքուր են»,- ասել է նա։

Դատարանի որոշմամբ՝ Լը Պենը ղեկավարել է Եվրոպական խորհրդարանի միջոցների ապօրինի օգտագործման բազմամյա սխեմա։ Քննությունը պարզել է, որ «Ազգային միավորում» կուսակցությունն իր աշխատակիցների աշխատավարձերը վճարել է այն միջոցներից, որոնք նախատեսված էին Եվրախորհրդարանի պատգամավորական օգնականների աշխատանքի վարձատրության համար։ Թեև քաղաքական գործիչը հերքել է հանցագործության կատարումը, դատավարության ընթացքում նա ընդունել է, որ կուսակցությունը «սխալ է թույլ տվել»։

Վերաքննիչ դատարանը մեղադրական դատավճիռներն ուժի մեջ է թողել գործով անցնող բոլոր 11 մեղադրյալների, նրանց թվում՝ Մարին Լը Պենի և կուսակցության այլ ներկայացուցիչների նկատմամբ։ Մեղավոր է ճանաչվել նաև կուսակցությունը։

Բացի դրանից, դատարանը մեղմացրել է ազատազրկման ձևով պատիժը։ Չորս տարվա փոխարեն, որոնցից երկուսը պայմանական էին, Լը Պենը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին պայմանական է։լեկտրոնային թևնոցը կրելու կոնկրետ պայմանները, ներառյալ տեղաշարժի հնարավոր սահմանափակումները, առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում կորոշի առանձին դատավոր։ Ռեժիմի առնվազն վեց ամսվա պահպանումից հետո դատարանը կարող է թույլ տալ հանել թևնոցը՝ պատժի բարեխիղճ կատարման, դրանց թվում՝ 100 միլիոն եվրոյի չափով տուգանքի վճարման պայմանով։

Որոշման հրապարակումից հետո Լը Պենն ուղևորվել է Փարիզում գտնվող կուսակցության կենտրոնակայան, որտեղ ավելի վաղ գտնվում էր նրա քաղաքական հաջորդը՝ Ժորդան Բարդելան։ Դատական գործընթացի ֆոնին կուսակցության ներսում շարունակվում են քննարկումներն այն հարցի շուրջ, թե ով կդառնա հիմնական թեկնածուն 2027 թվականի նախագահական ընտրություններում։

Մարին Լը Պենը մասնակցել է նախորդ երեք նախագահական ընտրություններին, իսկ Լը Պենների ընտանիքի ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահական քվեաթերթիկներում ներկա են 1988 թվականից ի վեր։ Նրա հայրը՝ Ժան-Մարի Լը Պենը, չորս անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում որպես «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, որը 2018 թվականին վերանվանվեց «Ազգային միավորում»՝ Մարին Լը Պենի կողմից ընտրազանգվածի աջակցությունն ընդլայնելու ջանքերի շրջանակում։

Ներկայում «Ազգային միավորումը» Ֆրանսիայի Ազգային ժողովի ամենախոշոր առանձին կուսակցությունն է, թեև չունի խորհրդարանական մեծամասնություն։

Դատարանը նշել է, որ կուսակցությունն ավելի քան 11 տարվա ընթացքում ապօրինաբար յուրացրել է Եվրոպական խորհրդարանի մոտ 2,8 միլիոն եվրոյի միջոցներ։ Միևնույն ժամանակ, դատավորներն ընդգծել են, որ ընտրովի պաշտոններ զբաղեցնելու արգելքի արդեն իսկ կրած մասը վերականգնել է հանրային շահերին հասցված վնասը, իսկ հետագա սահմանափակումը կարող էր խախտել ընտրություններին մասնակցության ազատության սկզբունքը, որը ժողովրդավարական համակարգի հիմնարար տարրերից մեկն է։

Source: https://news.am/hy/news/1048482