Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ Մանհեթենի Միդթաուն թաղամասում գտնվող բազմահարկ շենքը շարունակում է մնալ կառուցվածքային առումով անկայուն և կրող պողպատե հեծանների ձևախախտումից հետո մասնակի փլուզման սպառնալիքի տակ է, հաղորդում է NBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8:00-ի սահմաններում Կենտրոնական կայարանի (Grand Central Terminal) մոտակայքում գտնվող 37-հարկանի շենքում։ Քաղաքային ծառայությունների տվյալներով՝ 21-րդ հարկում սկսել են ձևախախտվել երկու կրող հեծաններ, որից հետո շենքի շրջակա տարածքն անմիջապես տարհանվել է։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին, քաղաքային այլ պաշտոնյաների հետ հանդես գալով լրագրողների առջև, հայտարարել է, որ շենքը «նախկինի պես մնում է անկայուն»։

«Առավոտվանից, երբ ժամանեցինք դեպքի վայր, մենք շարունակում ենք կառուցվածքի հետագա տեղաշարժ արձանագրել»,- ասել է նա։

Քաղաքապետը իրավիճակն անվանել է «չափազանց լուրջ» և շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայությունների աշխատակիցներին օպերատիվ արձագանքի, իսկ քաղաքի բնակիչներին՝ հանգստություն պահպանելու և անվտանգության միջոցառումներին հետևելու համար։

Նյու Յորքի հրշեջ ծառայության կոմիսարը նշել է, որ քանի որ շենքն ունի պողպատե կմախք, առկա է կառուցվածքի տեղային, այլ ոչ թե ամբողջական փլուզման վտանգ։

Մամդանիի խոսքով՝ մասնագետները վնասված հարկի ամրացման ծրագիր են մշակում։ Եթե ինժեներները հաստատեն, որ այն անվտանգ է աշխատանքների իրականացման համար, նրանք կսկսեն ժամանակավոր հենարանների տեղադրումը, մինչև կհասցվեն շենքի վերջնական կայունացման համար անհրաժեշտ նյութերը։

«Ուզում եմ անկեղծորեն ասել Նյու Յորքի բնակիչներին, որ իրավիճակը զարգանում է շատ արագ։ Մենք այն գնահատում ենք բառացիորեն րոպե առ րոպե»,- ընդգծել է քաղաքապետը։

Նյու Յորքի ոստիկանությունը ժամանակավորապես փակել է 40-րդ և 45-րդ փողոցների, ինչպես նաև Առաջին և Երրորդ ավենյուների միջև ընկած հատվածը։ Սահմանափակումների գոտում են գտնվում հանրահայտ զբոսաշրջային վայրեր, դրանց թվում՝ Նյու Յորքի հանրային գրադարանը, Բրայանթ պարկը և Թայմս սքվերը։

Բացի հենց շենքից, էտարհանվել են նաև հարևան ևս յոթ շինություններ։ Մամդանիի խոսքով՝ տարհանված օբյեկտների թիվն ավելացել է գործողության զարգացմանը զուգընթաց։

Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտարարել է, որ նահանգի իշխանությունները պատրաստ են քաղաքին տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն, և նույնպես կոչ է արել բնակիչներին խուսափել պատահարի վայրից։

Շենքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նախկինում Pfizer ընկերության համաշխարհային գլխավոր գրասենյակն էր։ Ներկայում այն վերակառուցվում է որպես էլիտար բնակելի համալիր՝ 1500 վարձակալական բնակարաններով։ Քաղաքային շինարարության դեպարտամենտի տվյալներով՝ օբյեկտում առկա է շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն։

Նյու Յորքի հրշեջ ծառայությունն առաջին հաղորդումը ստացել է առավոտյան 8:00-ի սահմաններում այն բանից հետո, երբ East 42nd Street, 235 հասցեում գտնվող շենքից սկսել են աղյուսներ թափվել։ 15 րոպեից էլ պակաս ժամանակում ոստիկանություն է ստացվել 911 ահազանգը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ 21-րդ հարկում գտնվող բանվորները կրող սյուների ձևախախտում են նկատել։ Շենքի ներսում շինարարներից մեկի արած տեսագրությունն արձանագրել է այդ հարկում պողպատե հեծանների քայքայումը։

Իշխանությունների տվյալներով՝ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Օբյեկտում գտնվող բոլոր բանվորները տարհանվել են, նրանց գտնվելու վայրը պարզված է։ Սպառնալիքի պահին շենքում գտնվող մարդկանց հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։

Source: https://news.am/hy/news/1048477